ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով, բազմաթիվ ուղիներով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու գործնթացում, լրագրողների հետ զրույցում երեկ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Նա նշել է, որ կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ակտիվորեն ներգրավված է գործընթացում:
«Դեսպան Ռիքերն ակտիվորեն համագործակցել է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Նա, իհարկե, անցյալ շաբաթ Նյու Յորքում էր մեզ հետ՝ Պետքարտուղարի հետ: Նա մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր եռակողմ հանդիպմանը: Նա վերջերս եղել է Հարավային Կովկասում՝ անձամբ հանդիպելով այնտեղի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այսպիսով, նա խորապես ներգրավված է այս գործընթացում», — ասել է Փրայսը:
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդեց, որ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ պարզելու, թե Սյունիքի ազգաբնակչության վրա ինչ ազդեցություն են ունեցել սեպտեմբերի կեսերի հարձակումները և քննարկելու հումանիտար կարիքները։
Վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Անկախության օրվա ուղերձը՝ ԱՄՆ դեսպանությունը շեշտել է՝ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։
Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը 3 զոհ ունի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդել է, թե հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: