Երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հարվածներ են հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանման ուղղությամբ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել։ Եվ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում։ Եվ ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքն օկուպացված է, և մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է թույլ չտալ  որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունեա իրականացնել զինված ուժերի բարեփոխումներ։

«Ադրբեջանը ցավոք որոշակի հաջողություններ ունի նաև մեր դաշնակիցների շրջանում, որտեղ հնարավոր է այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի․ մենք ունենք դեպք, երբ 100 միլլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորվածությունները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից։ Սա իհարկե ցավալի իրողություն է»,-շեշտեց Փաշինյանը իր ելույթում։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest