Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է ներքին տեղահանված անձանց մարդասիրական կարիքներին

19

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը՝ մարդասիրական ոլորտում, այս օրերին ՀՀ կառավարության՝ մասնավորապես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, Առաջին օգնության պայուսակների տեսքով:

Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին, իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ  գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։

ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է Թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Առաջնային կարիքի հաշվառման հարթակ:

ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և Թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։

Հոգեբանական աջակցության համար մեր մասնագետներին կարելի է դիմել հետևալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։