Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Հայաստանի ղեկավարը, խոսելով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիային և դրա հետևանքներին, գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցությունը:
Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: ԻԻՀ նախագահի խոսքով` պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխությանն անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է, և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, փոխանցում են կառավարությունից:
Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայ — ադրբեջանական հակամարտության համատեքստում ընդգծել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիությունը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: