Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին և դեսպանատան ներկայացուցիչներին ներկայացրել է սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում և զեկույցի փակ հատվածում տեղ գտած փաստերը: Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, զեկույցում ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասներ են ներկայացված, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքները։
Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին ևս:
Պաշտպանի խոսքով՝ զեկույցի հրապարակումից հետո փաստահավաք աշխատանքները շարունակվում են:
«Շատ կարևոր է ունենալ փաստարկված տվյալներ, որ կարողանաք ասել՝ այո, սա փաստ է, սա ճշտված է»,- նշել է դեսպան Անդրեա Վիկտորինին:
Նրանք քննարկել են՝ ինչպես կարող են համագործակցության արդյունքում օգնել ադրբեջանական հարձակումներից տուժած անձանց:
Ըստ հայկական կողմի` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել:
Պաշտպանի ավելի վաղ հաղորդած տվյալներով` Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել, կա 7600 տեղահանված:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: