«Եռաբլուր»-ում մարմնական վնասվածքներ ստացած հինգ մայրեր հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

55

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության «կարմիր բերետավորների» կողմից բռնության ենթարկված հինգ կանայք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ մասին Forrights.am-ին հաղորդում է կանանց ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Հաղորդումը ներկայացվել է հինգ ծնողի, հինգ կանանց կողմից: Նրանք այն կանայք են, ովքեր մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել: Օրինակ՝ չորս ոստիկանով կնոջը բերման ենթարկելիս պատռել են նրա ձեռքը, մեկ այլ կնոջ մատն է կարծես կոտրվել, մնացածների վրա ոտքերին, ձեռքերին լայնածավալ սալջարդ կա: Պետք է նշեմ, որ մարմնական վնասվածքներ ստացել են ծնողների կեսից ավելին», -մեզ հետ զրույցում ասում է փաստաբանը:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները (կարմիր բերետավորները) բռնի ուժ էին գործադրել խաղաղ ակցիա իրականացնող արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, հարազատների նկատմամբ:

Փաստաբանի խոսքով, հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրել են ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով վարույթ նախաձեռնելու պահանջով: Իսկ Քրեական օրենսգրքի այս հոդվածը սահմանում է՝ «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը»:

Բացի այդ, հայաստանյան 35 հասարակական կազմակերպություններ այսօր հայտարարություն են տարածել՝ նշելով, որ «զոհված զինծառայող ծնողների նկատմամբ բռնությունը խիստ բացասաբար է անդրադառնում այս օրերին Հայաստանի սահմանները ադրբեջանական ագրեսիայից պաշտպանող զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա» ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել են պաշտոնից ազատել ոստիկանության պետ Վահե Ղազարյանին:

«Անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումը և կատարումը: Իսկ պետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաև հատում է բարոյականության բոլոր շեմերը», -նշվում է կազմակերպությունների հայտարարության մեջ:

ՀԿ-ների ներկայացուցիչները նաև ընդգծել են՝ եթե Փաշինյանը Վահե Ղազարյանին պաշտոնից չազատի, ապա զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների և վկայակոչված այլ խնդիրների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:

Վահան Հովհաննիսյանն ասում է՝ և ինքը, և իր վստահորդները դրական են վերաբերում կազմակերպությունների այս հայտարարությանը: «Ես հայտնում եմ իմ երախտագիտությունը», -ասում է նա:

Հասարակական կազմակերպությունների այդ հայտարարությանն այսօր անմիջապես արձագանքեց ՀՀ ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:

Երեկ դեպքին հաջորդած քննադատություններին ի պատասխան ոստիկանությունը հորդորել էր «միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով»:

«Չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ»:

Ոստիկանության ծառայողների բռնի գործողությունները, սակայն, չէին վկայում ցավի վերապրումների մասին: Զոհված զինծառայողների մայրերն ու հարազատները սեպտեմբերի 21-ի գիշերը լուսացրել էին Եռաբլուրում և իրենց խաղաղ ակցիայով փորձում էին թույլ չտալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտոնատար մյուս անձինք մոտենան իրենց որդիների շիրիմներին: Սակայն վարչապետի գալուն ընդառաջ ոստիկանության «կարմիրբերետավորները» սկսեցին մայրերի ոտուձեռից քաշքշելով, նրանց ստորացնելով տեղափոխել այլ տարածք:

Կատարվածից փոքր անց մայրերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ զինծառայողների շուրջ 40 մայրեր ու հարազատներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, իսկ նրանցից ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ:

«Բոլորի վերաբերյալ կազմվել է վարչական արձանագրություն՝ ոստիկանի իրավական պահանջին չենթարկվելու համար», — ասել էր փաստաբանը՝ շեշտելով, որ ոստիկանության վարչական արձանագրությունը կբողոքարկեն:

Հովհաննիսյանը պնդում է՝ զինվորների ծնողների ու հարազատների ակցիան խաղաղ է եղել, և նրանք օրենքով արգելված ոչ մի գործողություն չեն իրականացրելմ իսկ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են եղել:

«Նրանք պարզապես ցանկանում էին, որ իրենց որդիների մահվան մեջ մեղավոր անձը (նկատի ունի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը-հեղ.) չմոտենա իրենց որդիների շիրիմներին: Ո՞րն է այդտեղ հակաիրավականը, այդ մարդիկ պարզապես չեն ցանկացել, որ այդ մարդը գա իրենց որդու տուն», -նշում է նա:

Սոցիալական ցանցերում քաղաքացիները քննադատում էին «կարմիր բերետավորների» գործողությունները՝ դրանք որակելով վայրագություն: «Տոնդ շնորհավոր, մեր սիրելի եւ հպարտ վարչապետ … Ամոթ քեզ ու էս գործակատարներիդ», -իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Եվ միայն ցանցում օգտատերերի բողոքի ալիքից հետո Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտարարեց, որ «ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է»։

Ի դեպ, Քրիստինե Գրիգորյանը Եռաբլուր այցելել էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ու այլ պաշտոնատար անձանց հետ և նրանից մի քանի մետր հեռավորության վրա էին տեղի ունենում զինծառայողների ծնողներից տարածքը ազատելու օպերացիան:

Հասմիկ Համբարձումյան