«Եռաբլուր»-ի միջադեպի պատասխանատվությունը Փաշինյանն է կրելու, եթե պատժվողներ չլինեն

35

Շուրջ չորս տասնյակ հասարակական կազմակերպություն պահանջում է ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։ Քաղհասարակության ներկայացուցիչները  դատապարտում են Եռաբլուրում երեկ ոստիկանների  գործողությունները: Հիշեցնենք՝ կարմիր և սև բերետավորները երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության մյուս ներկայացուցիչների` Եռաբլուր այցից առաջ քաշքշելով բերման էին ենթարկել 44-օրյա պատերազմում որդիներին կորցրած ծնողների։ Նրանցից մի քանիսը բերման ենթարկվելիս մարմնական վնասվածքներ էր ստացել։

Ոստիկանների գործողությունների քննադատությանն ու ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականի պահանջին միացած Լևոն Բարսեղյանի խոսքով՝  ոստիկանությունը միշտ աչքի է ընկել իր «մենթաբարո վարկով»․ «Օրինակներն այնքան շատ են, որ Googl-ում չեն տեղավորվում։ Երևի մտածել են, որ կացնով աշխատելը՝ ուղեղը մի կողմ դրած, շատ ավելի հարմար մեխանիզմ է, հարձակվենք՝ թացը չորի հետ տանենք»։

Զոհերի ծնողները դեռ կեսգիշերից հավաքվել էին «Եռաբլուր»-ում, որպեսզի Նիկոլ Փաշինյանին թույլ չտային մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ ոստիկանությունը պետք է կարողանար և ծնողների բողոքի ձայնը չսահմանափակեր, և ղեկավարության անվտանգությունն ապահվել։

«Բոլորին այդպես բռնի կերպով, վայրենաբար բերմանը ենթարկելն անընդունելի է ու իրավազանցություն է։ Քաղաքացիներն ազատ տեղաշարժի իրավունք ունեն, իսկ իշխանությունները, եթե ուզում են որևէ մեկի անվտանգությունն ապահվել դրա համար ողջամիտ միջոցներ կան։ Ի՞նչն են անում․ նախորդ երեկոյից սկսում են տարածքը պատնեշել, փակոցներ են դնում, պահակներ են դնում և այլն, անվտանգությունն ապահովում են, բայց պայմանով, որ քաղաքացիների իրավունքերը չպետք է սահմանափակվեն։ Այսինքն, մարդը կարող է բացականչել, բողոքել, այդ բողոքը պետք է հասանելի լինի իշխանությանը, ականջները չեն նեղվի, իշխանությունը պարտավոր է լսել նրանց, ում միջոցով դարձել է իշխանություն։ Իսկ ո՞վ կարող է ասել, որ քաղաքացիներն այնտեղ չպետք է լինեն, որտե՞ղ պետք է լինեն մահացաների հարազատներն այդ օրը»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Նշենք, որ «Եռաբլուր»-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո ոչ Նիկոլ Փաշինյանը, որ ժողովրդին իշխանության բարձրագույն մարմին է հռչակել, ոչ էլ այլ ՔՊ-ականներ որևէ զզջման և ափսոսանքի խոսքեր են հայտնել, չեն դատապարտել ոստիկանության գործողությունները։ Տպավորություն է, որ նրանք լուռ համաձայնություն են տալիս սևազգեստ մայրերին բռնության ենթարկելուն։ Հիշեցնենք, ընդդիմադիրների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու օրերին էլ, իշխանության ներկայացուցիչները շնորհակալություն էին հայտնում ոստիկաններին հասարակական կարգը պահպանելու համար, այն ինչ, զուգահեռ տասնյակ քաղաքացիներ բռնության էին ենթարկվում։

Այժմ հարց է՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ժողովրդին բռնության ենթարկած ոստիկանների գործողություններին քաղաքական գնահատական կտա և պաշտոնից կազատի իր ընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանին։

«Շատ կախված է նրանից, թե վարչապետն ինչպես կվարվի։ Եթե պատժամիջոցներ կկիրառվեն՝ վերից վար, կիմանանք ովքեր են մեղավորները, կարող է հրաժարական չտա, թեկուզ եթե նկատողություն լինի, կհասկանանք, որ հայտարարությւոնը տեղ է հասել, հաջորդ անգամ էլի կկիրառվի, եթե նման բան լինի։ Եթե ոչ մեկ պատասխանատու չի լինելու, ապա պատասխանատուն մնալու է վարչապետը, որպես ոստիկանապետի վերադաս»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Նարեկ Կիրակոսյան