Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը կայուն ծանր է

19

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, քաղաքացիական անձանցից մեկի վիճակը կայուն ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հիվանդանոցներում արդեն բավական դուրսգրվածներ ունենք: Ե՛վ մեր բոլոր վիրավոր զինծառայողների, և՛ քաղաքացիական անձանց առողջական վիճակի մեջ կա դրական դինամիկա»,-ասաց Ավանեսյանը՝ հույս հայտնելով, որ բոլորն էլ պետք է ապաքինմամբ դուրս գան:

Անդրադառնալով քաղաքացիական անձանցից մեկին՝ նա ասաց, որ նա կայուն ծանր վիճակում է:

«Բժիշկներն ամեն ինչ անում են, որ մենք ունենանք դրական դինամիկա: Այն, որ վիճակը կայուն է, բավականին լավ է»,-հավելեց նախարարը