20-ամյա ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը, որի վիրավոր ուսը վիրակապելու մասին տեսանյութը ակտիվորեն տարածվում էր ադրբեջանական տելեգրամ ալիքներով, երեկ վերադարձվել է մահացած: Նրա մարմինը ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին վերադարձրել է 31 զինծառայողների դիերի հետ միասին:

«Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը («Կյանքի իրավունքը») և սպանել գերության մեջ հայտնված զինվորին», -Forrights.am-ին ասում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը՝ տեղեկացնելով, որ Գիշյանի սպանության դեպքով այսօր արդեն իսկ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Բացի Մարդու իրավունքների 2-րդ հոդվածից, հայկական կողմը դիմել է նաև ՄԻԵԿ 3-րդ հոդվածի հիմքով, որը անձին պաշտպանում է խոշտանգումներից՝ սահմանելով. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

«Դավիթ Գիշյանի դին են վերադարձրել այն դեպքում, երբ մենք տեսանյութում տեսել ենք, որ նա կենդանի է: Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ: Այսօր արդեն տեղեկացրել ենք ՄԻԵԴ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան», -ասում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակը:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որը Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների ու զինծառայողների մարմինների վերադարձման կամ փոխանակման հարցում միջնորդ է, հրաժարվում է մեկնաբանել հայ ռազմագերուն սպանելու կամ խոշտանգելու մասին տեղեկությունը:

«Մենք կոնկրետ դեպքերի հետ կապված հանրային հարթակում մեկնաբանություններ չենք տալիս: Հարցերը, որոնք վերաբերում են հնարավոր գերեվարված անձանց, որոնց վերաբերյալ կան խնդիրներ ու հարցեր, մեր ուշադրության կենտրոնում են, բնականաբար: Մենք կոնֆիդենցիալ կերպով ենք աշխատում նման հարցերի շուր, և սա վերաբերում է միայն մեր ու համապատասխան երկրների իշխանությունների միջև երկխոսությանը», -մեզ հետ զրույցում ասում է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:

Հայկական կողմը ՄԻԵԴ ուղարկված դիմումով պահանջում է, որ Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառվի հրատապ միջոց: «Սեպտեմբերի 13-ին ուղարկված մեր դիմումին ի պատասխան Եվրոպական դատարանը մինչև սեպտեմբերի 22-ը Ադրբեջանին ժամկետ էր տվել ինֆորմացիա տրամադրել գերիների գտնվելու վայրի մասին, բժշկական տեղեկանքներ տրամադրել, եթե այդպիսիք կան: Բայց հիմա պահանջում ենք, որ արագ կիրառվի հրատապ միջոց», -ասում է Հասմիկ Սամվելյանը:

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը «Ազատությանն» ասել է, որ պետք է իրականացվի նախաքննություն՝ պարզելու հայ զինծառայող Դավիթ Գիշյանի մահվան հանգամանքները։ «Արդյո՞ք պետությունը կատարել է իր պարտականությունները կյանքը երաշխավորելու և ապահովելու, պաշտպանելու։ Ցանկացած պետության մասին է խոսքը։ Բնականաբար, պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, և նրա կյանքի համար պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։ Մենք ունենք տեսանյութ, որ նա ողջ վիճակում գտնվում է ադրբեջանցիների իրավազորության ներքո, նրան վիրակապում են, առաջին հայացքից նա ունի կրծքավանդակի թափանցող վիրավորում»։

Ըստ իրավապաշտպանի, զինվորի կյանքի համար պատասխանատվություը կրում է հենց Բաքուն և հե’նց այդ երկրում պետք է քննություն կատարվի՝ պարզելու թե արդյո՞ք նա սպանվել է, թե՞ մահացել է ստացած վնասվածքներից պատշաճ բուժօգնություն չստանալու հետևանքով։ «Եթե պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել, դա ևս արդեն նյութական իրավունքի խախտում է, իրավունքի նյութական բաղադրատարրի խախտում է», -ասել է Զեյնալյանը։

Նկատենք, որ այսօր վերջապես պաշտոնապես հրապարակվել է, որ Ադրբեջանի զինված ագրեսիայի հետևանքով 20 զինծառայող է գերեվարվել: Հայաստանի Անվտանգության խորհրդի ներկայացրած տվյալներով, առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Բացի այդ, ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ:

Հասմիկ Համբարձումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest