Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի տարբեր հատվածներում կամավորական խմբերը առաջնագիծ ուղարկելու համար սնունդ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ են հավաքում: Թեեւ պետական մարմինների հորդորներին չանել դա եւ հավաստիացումներին, թե զինվորները որեւէ բանի կարիք չունեն, երիտասարդները շարունակում են իրենց աշխատանքները:

 

Գրիգոր Խաչատրյանը ինչպես 2020-ին, այնպես էլ հիմա ղեկավարում է Բյուսովի անվան պետական համալսարանի մոտ իրականացվող կամավորական աշխատանքները:  «Երկու տարի առաջ էլ եմ ես այստեղ եղել, այս աշխատանքն են կատարել, ընկերներիս հետ եմ եղել, ուսանողների հետ եմ եղել: Այս անգամ կարծես ավելի կազմակերպված ենք, ի վերջո 2020-ին շատ մեծ փորձ ձեռք բերեցինք, համարյա 44 օր անդադար աշխատել էինք: Այսօր արդեն մեր աշխատանքները ավելի կազմակերպված եւ արագ են: 20 թվականին շատերիս համար առաջին անգամն էր, շատ բաներ լավ չէինք պատկերացնում, չգիտեինք, բաներ կային, որ չէին ստացվում: Հիմա` երկու տարի անց նույն տեղում ենք»,- ասում է Գրիգորը:

Նրա խոսքով, իրենց աշխատանքները սկսվել են պատերազմական գործողությունների մեկնարկի հենց առավոտը. «Աշխատում ենք 24 ժամ, գիշերն էլ այստեղ կան մարդիկ, կա հերթապահություն:

Հիմնականում հավաքում ենք չոր սնունդ, որըը հարմար է հենց տեղում ուտելու համար, ծխախոտ, քաղցրավենիք: Մի խոսքով, այն ամենը, ինչ տեղում անհրաժեշտ է զինվորներին: Այստեղ հավաքվածը ուղարկում ենք անմիջապես թե զորամասեր, թե պոստեր, թե հոսպիտալներ:

Հիմնականում ապրանք բերողները հասարակ քաղաքացիներն են, մենք ենք, մեր ընկերներն են, ուսանողությունն է, հիմնականում աշխատում ենք գործը բռնել այն մարդկանց հետ, ում անձամբ ենք ճանաչում, որ ապրանքի թե տստացումը, թե տեղափոխումը վստահելի լինի, որ հաստատ իմանանք` հասնելու է»:

Խաչատրյանը դժվարացավ նշել, թե որ մթերքի կամ ապրանքից արդեն ինչքան է հավաքվել: «Ճիշտն ասած ամեն ինչից շատ է հավաքվել: Այստեղ արդեն պահեստավորված արկղերն են, որոնք որ արդեն պատրաստ են ուղարկման: Ստանում ենք ապրանքը, սորտավորում ենք սնունդը, քաղցրավենիքը, ծխախոտը: Այդ աշխատանքները քիչ այն կողմ են իրականացվում, հետո պատրաստի արկղերը բերում ենք այստեղ»,- իրենց աշխատանքները նկարագրեց երիտասարդը:

Նրա խոսքով, թեեւ ՊՆ-ն եւ պետական մյուս կառույցները վստահեցնում են, թե առաջնագծում որեւէ բանի կարիք չկա, բոլորս էլ ունենք ծանոթներ կամ բարեկամներ, ովքեր այժմ ծառայում են.«Իրադարձությունները մեզնից հեռու չեն իրականանում, մենք բոլորս էլ այնտեղ կապ ունենք եւ բնականաբար հավաքում ենք եւ ուղարկում ենք այն, ինչի մասին մեզ այնտեղից են խնդրում»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest