Ռազմագերիների հարցը անորոշ է

70

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված զինված հարձակման և ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ ռազմագերիների թվի վերաբերյալ տվյալները առայժմ վերջնական չեն:

Պաշտոնական թիվ հնչեցրել է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մհեր Մարգարյանը՝ հայտարարելով, որ նույնականացվել է առնվազն 7 ռազմագերի: Նա, միևնույն ժամանակ, չի բացառել, որ այդ թիվը կարող է աճել:

Սակայն ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասում է՝ ռազմագերիների թիվը կարող է հասնել 20-ի:

«Հստակ տեղեկություններ քանակի վերաբերյալ չենք կարող հայտնել: Այս պահի դրությամբ մեր ունեցած տվյալները ամփոփվում են ադրբեջանական աղբյուրներում, տելեգրամ ալիքներում հրապարակված տեսանյութերում երևացող տղաների քանակով», -մեզ հետ զրույցում ասում է Զեյնալյանը:

Հայ ռազմագերիների քանակի մասին չի խոսել նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: «Կոնկրետ հակառակորդի մոտ գտնվող գերիների մասով ես թվային տվյալներ չեմ կարող նշել, որովհետև ունենք նաև կորուստներ, որոնք զոհեր են համարվում, բայց այդ զոհերը կարող են լինել կենդանի: Դրա համար ես թվային տվյալներ ներկայացնել չեմ կարող»,- սեպտեմբերի 16-ին Ջերմուկում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԳՇ պետը:

Պատերազմական իրավիճակներում գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց ու զինվորականների վերադարձման հարցերով զբաղվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կապի մեջ է հայ գերիների ընտանիքների հետ:

«Այս օրերին բազմաթիվ մարդիկ են այցելում մեր հայաստանյան գրասենյակ՝ հայտնելու, որ իրենց հարազատ զինծառայողը գերության մեջ է: Կամ էլ մարդիկ փորձում են ստանալ տեղեկություն՝ արդյո՞ք իրենց հարազատ զինծառայողը գերության մեջ է», -մեզ հետ զրույցում ասում է  ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:

Նրա խոսքով, իրենց մոտ գրանցվում են հարազատին փնտրելու եկած քաղաքացիների տվյալները, որպեսզի հակամարտող մյուս կողմի հետ տվյալների փոխանակումից հետո կարողանան կապվել նրանց հետ:

«Ցանկացած ինֆորմացիա զինծառայողի ծնողին փոխանցելու համար պետք է ճշտվի, համաձայնեցվի ադրբեջանական կողմի հետ: Բոլոր պատասխանները որ ունենանք, բնականաբար, առաջին հերթին կհաղորդենք զինծառայողի ընտանիքին, հարազատներին: Մենք շարունակաբար երկխոսության մեջ ենք: Այս պահին մենք Ադրբեջանի իշխանությունների կողմից ստացել ենք հաստատումներ, որ իրենք ունեն պահվող անձինք»,- ասում է Ամատունին:

Մինչ ռազմագերիների թվի շուրջ ճշգրտումներ, նրանց նույնականացումներ են կատարվում, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը պատրաստվում է  առաջիկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հրատապ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացնել, որից հետո կներկայացվի հիմնական գանգատը:

Այս դիմումը, ըստ Զեյնալյանի, կյանքի իրավունքի պաշտպանության նպատակ ունի: Այսինքն՝ հրատապ միջոց կիրառելու մասին որոշումը կարող է կապել Ադրբեջանի ձեռքերը ռազմագերու նկատմամբ խոշտանգում, դաժան վերաբերմունք ցուցաբերելու հարցում:  «Այդ դիմումի նպատակն է, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնա հայ ռազմագերիներին խոշտանդելուց, սպանելուց և նրա նկատմամբ այլ գործողություն կատարելուց», -ասում է Զեյնալյանը:

 

Պատանդներին վերադարձրել են

Ադրբեջանցի զինծառայողների կողմից պատանդառության դեպք էր գրանցվել սեպտեմբերի 15-ին, երբ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում կորել էր կապը արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողի հետ: «ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու: Խմբի մի մասը վերադարձել է. իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել», -հայտարարել էր ԱԻՆ մամուլի խոսնակ հայկ Կոստանյանը: Ժամեր անց նա տեղեկացրել էր, որ ԱԻՆ աշխատակցի հետ ամեն ինչ կարգին է և հավելել. «Նա արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ՝ իր առջև դրված խնդիրը կատարած»:

Պատկան մարմիններն այս դեպքի հետ կապված մանրամասներ չեն հայտնել՝ ինչ պայմաններում է հայտնվել ԱԻՆ աշխատակիցը և ինչպես ու ինչ հանգամանքներում է վերադարձել:

Բայց դեպքի հետ կապված մանրամասներ փոխանցում է «Հետք» պարբերականը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին. «Կապանի շտապօգնության ծառայության «ՈւԱԶ» մեքենան գնացել էր Ներքին Հանդի վերևում գտնվող դիրքերից դիեր հանելու։ Մեքենայում Կարմիր խաչի ներկայացուցիչներ չեն եղել։ Եղել է շտապօգնության աշխատակից վարորդը, 2 զինվորական և ԱԻՆ-ի 1 աշխատակից։ Նրանք զինված չեն եղել։ Տարհանում իրականացնողներին զենք չի տրվում։ Առաջնագծում թշնամու զինվորականները 4 հոգուն էլ պատանդ են վերցրել։

Շտապօգնության վարորդին շուրջ 4 ժամ ձեռքերը կապած պահել են, գետնին պառկեցրած վիճակում, հետո մոտեցել է բարձրաստիճան ադրբեջանցի զինվորականն ու հարցրել, թե արդյոք ռուսերեն գիտի։ Դրանից հետո ադրբեջանցիները պայման են դրել, որ եթե հայկական կողմը վերադարձնի ադրբեջանցի մեկ վիրավորի և մեկ դիակ, իրենք 4 հային ազատ կարձակեն, իսկ հայկական կողմի դիերը կվերադարձնեն։

Վարորդը թշնամու ներկայացուցիչներին խնդրել է իր հետ բաց թողնել նաև պատանդառված հայ զինվորականներից մեկին, որպեսզի ադրբեջանցիների գերեվարված վիրավորին ու դին վերադարձնելիս օգնի իրեն։ Ադրբեջանցիները համաձայնել են։ Հայկական կողմը վիրավոր ադրբեջանցուն հանձնել է յուրայիններին, մինչև հայ վարորդն ու զինվորականը կվերադառնային մերոնց մոտ։ Ավելի ուշ նրանք երկուսով թշնամուն են հանձնել նրանց զինվորականի դիակը։ Սրանից հետո ադրբեջանցիները բաց են թողել ԱԻՆ-ի աշխատակցին ու մյուս զինվորականին»։

Հասմիկ Համբարձումյան