ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը․
Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։


Նշված համայնքների երեխաները, բացի տեղահանմանն ու հոգեբանական դժվար իրավիճակին, զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորությունից։
Ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել էին շտապօգնության տրանսպորտային միջոցների թիրախավորման դեպքեր։
Մեծաթիվ են ապացույցները նաև քաղաքացիական ենթակառուցվածքների՝ անձանց տների, հաղորդակցության, էլեկտրականության ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների հրետակոծելու, գնդակոծելու և խափանելու վերաբերյալ։ Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքագրվել նաև Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։
Բազմաթիվ են շարունակաբար հարձակման ենթարկվող անձանց նյութական վնասները, մասնավորապես՝ շարժական ու այլ գույքին և ընտանի կենդանիների տեսքով։
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում և Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ներառելով ավելի քան 9 հա տարածք։ Փրկարարների աշխատանքն առավելապես բարդացնում է փաստը, որ հրդեհի որոշ օջախներ գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության գոտում, իսկ որոշ դեպքերում այդ հատվածներն ակտիվ հրետակոծվում են։

Պաշտպանի աշխատակազմում ինտենսիվորեն ստացվող ու վերլուծվող տվյալներն ու ապացույցները՝ միջազգային իրավական հիմնավորումներով գրավոր կերպով ուղարկվում են միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին։
Լուսանկարներն ու տեսանյութերը թարմացվում են:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: