Պաշտոնական Երևանը հաստատում է, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկսված արդրբեջանական հարձակման հետևանքով առնվազն մեկ գերի ունի, որին կարողացել է նույնականացնել։ Չի բացառվում, որ այլ գերիներ էլ կան։

Երեկ Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան գանգատ է ներկայացրել՝ խնդրելով պարտավորեցնել Բաքվին ապահովել նույնականացված ռազմագերու առողջության և կյանքի իրավունքը։

«Հայ-ադրբեջանական սահմանին երեկ սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմից գերեվարված մեկ անձ արդեն նույնականացվել է։ Երեկ առավոտից արդեն շրջանառվում էր տեսագրություն, որտեղ երևում է, որ վիրավորված մեր հայրենակիցը արդեն գերեվարված է։ Խոսակցությունից հասկացվում է, որ վիրավորումը ուսի հատվածում է, առաջին բուժօգնություն ցույց էին տալիս։ Երևում է, որ նա փաստացի գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ», — ասում է Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Ռազմագերու անունը չի հրապարակում։ Սամվելյանի փոխանցմամբ՝ կապի մեջ են ընտանիքի հետ. — «Մենք արդեն կապվել ենք ծնողների, հարազատների հետ։ Հանդիպում նախատեսվում ա շուտով։ Աշխատանքներն ընթացքի մեջ են»։

Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նաև ուսումնասիրում են համացանցում վերջին օրերին հայտնված ադրբեջանական տեսանյութերը՝ ենթադրյալ այլ ռազմագերիներին նույնականացնելու և նրանց մասով էլ Եվրադատարան դիմելու համար։

Պետական կառույցներն առայժմ հստակ թվեր չեն ասում, թե այս վերջին ծավալուն մարտերի հետևանքով քանի զինվորական է գերի ընկել։ Ադրբեջանցիների տարածած տեսանյութերում նրանց թիվը անցնում է տասնյակը։

Այս պահին 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից հաստատված 33 հայ ռազմագերի է պահվում ադրբեջանական բանտերում։

Հայաստանյան իրավապաշտպանները կարծում են, որ այս թիվն իրականում ավելի մեծ է. — «Կան մի շարք այլ տեսագրություններ տարածվող, որոնցով հասկանում ենք, որ գերեվարված անձինք մեկից ավելի են։ Թվեր այս պահին չեմ կարող ասել, կատարվում են նույնականացման աշխատանքներ»։

Եվրոպական դատարան ուղարկված գանգատում Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է նաև սահմանային մարտերի հետևանքով երեք սահմանամերձ մարզերի բնակավայրերի ու խաղաղ բնակչության թիրախավորման մասին։ Նախնական տվյալներով, անցած օրերին վիրավորվել է 4 քաղաքացիական անձ։

Հայաստանի կառավարությունը խաղաղ բնակավայրերի ու բնակիչների թիրախավորումը պատերազմական հանցագործություն է որակում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest