Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել են ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութից պարզ է դարձել, որ վերջինս վիրավորում է ստացել ուսի շրջանում և հայտնվել գերության մեջ։ Զինծառայողի հորեղբայր Խաչատուր Գիշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութը դիտելուց հետո անմիջապես դիմել են պետական բոլոր կառույցներին։ «Դիմել ենք Կարմիր խաչին, որտեղ էլ գրանցել են նրա տվյալները։ Իրենք արդեն կկատարեն մնացած աշխատանքները։ Պետական կառույցների ներկայացուցիչներն էլ նշել են, որ արդեն իսկ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- տեղեկացրեց զինծառայողի հարազատը։
Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ․ տեղեկանում են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։ «Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ Զուգահեռաբար, համապատասխան կառույցների հետ, շարունակում ենք գերեվարված անձանց նույնականացման գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: