Ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստանն ունի տարածքային կորուստներ, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երբ մենք ասում ենք, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նկատի ունենք, որ նաև որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Եվ սա է պատճառը, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Եթե տարածք գրաված չլինեին․․․ Ընդ որում, շատ շահարկումներ կան, թե մենք որ հոդվածի հիման վրա ենք դիմել ՀԱՊԿ-ին։ Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք 4-րդ հոդվածի հիման վրա, երբ ասվում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ Եվ ի՞նչ ենք մենք խնդրել ՀԱՊԿ-ից, դիմել ենք, խնդրել ենք աջակցություն, այդ թվում՝ ռազմական, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը ապահովելու համար։ Ընդ որում, մենք այս վերնագրի ներքո նկատի ունենք նաև նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժումը։ Սա մենք ֆիքսում ենք որպես քաղաքական նպատակ, որ ագրեսորը պետք է ՀՀ տարածքից դուրս գա»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ ՀԱՊԿ նիստի արդյունքներով նվազագույն անհրաժեշտ որոշումներ այս փուլի համար կայացվել են։ «Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, այդ սահմանը ճանաչված է, և այդ սահմանի ճանաչումը վավերացված է երկու երկրների կողմից։ Եթե Ադրբեջանն ասում է, որ այդպիսի բան չկա, ընդհանուր համատեքստում նրա արտահայտած մի շարք դիրքորոշումներ ընդհանրապես զրկվում են իմաստից և որևէ հիմնավորում չեն ունենում։ Հայաստանի ուղերձը և խոսույթը պետք է լինի հենց սա»,- հավելեց Փաշինյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: