ՀՀ ԱԺ-ն ՀԱՊԿ-ից ու ՌԴ-ից պահանջում է շուտափույթ իրագործել պայմանագրային պարտավորությունները

35

ՀՀ ազգային ժողովը հայտարարությամբ ՀԱՊԿ-ից պահանջում է Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը, դիմում է Ռուսաստանին՝ շուտափույթ իրագործելու ՀՀ և ՌԴ միջեւ կնքված համապատասխան պայմանագրերով ամրագրված պարտավորությունները: Ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը ներկայացրեց համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը:

Հայտարարության նախագծում ընդգծվում է, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները  հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում:

«Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել Զինված ուժերի շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական եւ կուռ պաշտպանության կարիք ունի»,-ասված է հայտարարության մեջ:

ԱԺ-ն հայտարարությամբ միջազգային հանրությանը կոչ է անում խստորեն եւ հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված՝ տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:

«ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում»,-ասված է հայտարարությունում:

Հայտարարությունը խորհրդարանում ընդունվեց 65 կողմ ձայնով: