Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳՆ

26

Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն։ Այդ մասին Mehr գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասար Քանանին։

«Կոչ անելով զսպվածության և խաղաղ ճանապարհով վեճերի լուծման՝ բարձրաստիճան իրանցի դիվանագետը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի համար անընդունելիությունը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանների որևէ փոփոխության»,- նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Քանանին հավելել է, որ պետք է հարգել երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

Իրանական կողմը հայտնում է, որ Իսլամական հանրապետությունը հետևում է հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացմանը։ Քանանիի խոսքով՝ Իրանը պատրաստ է աջակցել հարևան երկու երկրների միջև տարաձայնությունների լուծմանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության փոխանցմամբ՝ համապատասխան դիմումներն արդեն իսկ ուղարկված են։

Իրավիճակի կտրուկ սրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Իր հերթին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։