Աղավնոյից տեղահանված ընտանիքին կառավարությունը սերտիֆիկատ չի տալիս ՀՀ-ում տուն գնելու համար

74

Աղավնոյից տեղահանված Թամար Դումբալյանը զրկված է պետության կողմից տրվող հավաստագրով Հայաստանում բնակարան գնելու հնարավորությունից։ Արցախի կառավարությունը հրաժարվում է նրան տալ իրեն հասանելիք 10 մլն դրամը՝ պատճառը սփյուռքահայ լինելն է։

«Մեզ շտաբից (Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ,-հեղ․) ասացին, որ դուք Լիբանանից եք եկել ու Արցախում վերաբնակվել, ուրեմն դուք միայն Արցախում կարող եք սերտիֆիկատով տուն գնել, սա Հայաստանի որոշումն է։ Իմ անձնագրիրը Հայաստանն է տվել, Արցախի հանրապետությունը չի տվել, ուրեմն ՀՀ քաղաքացի եմ։ Այո, վերաբնակվել եմ, բայց ի՞նչ իրավունքով են իրենք իմ տեղը որոշում, թե որտեղ ապրեմ։ Չգիտեմ, իրավիճակը խառն է»,-տարակուսած ասաց Թամար Դումբալյանը։

Աղավնոյից տեղահանված Թամար Դումբալյանի սոցիալական խնդիրներին մոտ կես ամիս առաջ էինք անդրադարձել։ Նա, հաշմանդամություն ունեցող ամուսինը և անչափահաս երեխան այժմ բնակվում են Էջմիածին քաղաքում։ Բնակարանի երկու ամսվա վարձավճարը Կարմիր Խաչն է վճարել։ Տիկին Թամարը հույս ուներ, որ այս երկու ամիսների ընթացքում կկարողանար պետության հատկացրած փոխհանտուցման գումարով բնակարան գտնել, սակայն, մի քանի որ առաջ ասել են, որ բնակարան կարող է միայն Արցախում գնել։ Այժմ ցանկանում է իր ձայնը լսելի դարձնել, որպեսզի պետական գերատեսչությունները լսեն իր խնդրի մասին և փոխեն իրենց որոշումը։

«Իրենք իմ տունը իմ ձեռքից վերցրեցին առանց ինձ հարցնելու։ Ես որտե՞ղ պետք է մնամ, իմ ամուսինը հիվանդ է, ես ինչպե՞ս կարող եմ Ստեփանակերտից գնալ-գալ, բժիշկը Հայաստանում է։ Արդեն երկու շաբաթ է հիվանդանոցում է։

Իմ համար շատ վատ է լինելու։ Ես իմ հույսը միայն այդ սերտիֆիկատի վրա էի դրել, որ մի անկյուն, մի տուն կունենամ, որը իմը կլինի՝ կաշխատեմ, ընտանիքս կպահեմ, բայց տան խնդիրը շատ խնդիրներ է առաջացրել։  Հաստատ չեն տալու, բայց փորձելու եմ՝ գլուխս պատեպատ տալով, որ փոխեն այդ կետը, որ գոնե ինձ էլ սերտիֆիկատը հասնի։ Ես տուն գտել էի իրենց տված 10 միլիոնին համապատասխան, բայց այսպես չեմ կարող, որքա՞ն եմ վարձով ապրելու, ինձ համար շատ դժվար է վարձը տալը»,-ասաց Թամար Դումբալյանը։

Ընտանիքը սոցիալական մի շարք խնդիրներ ունի։ Տիկին Թամարն ասաց, որ ամուսնու համար թանկարժեք դեղեր են գնում, դպրոցահասակ երեխա ունի, որի դպրոց ուղարկելու համար գումար է անհրաժեշտ։ Ընտանիքը կայուն եկամտի աղբյուր չունի։

Տիկին Թամարը լսել է, որ Արցախում էլ առաջարկելու են Հին Շեն, Մեծ Շեն համայնքներում և Ասկերանի շրջանի շրջանի գյուղերում ապրել։

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Քաշաթաղի գրասենյակի պատասխանատու Հարութ Բերբերյանն այս առնչությամբ հայտարարել է՝ որոշումը նոր չէ, ընդունվել է ՀՀ կառավարության կողմից այս տարվա փետրվարի 17-ին։

«Այո՛, նման որոշում կա, որում 3 տարանջատում կա․ մեկը՝ իրավունք է տալիս տեղահանված ընտանիքին բնակարան գնելու սերտիֆիկատից օգտվել և բնակարան ձեռք բերել Երևանում, ՀՀ-ում և Արցախում, մյուսը՝ միայն ՀՀ-ում և Արցախում, իսկ 3-ը՝ միայն Արցախում։ 3-րդը վերաբերում է տեղահանված այն ընտանիքներին, որոնք Արցախի առանձին շրջաններից կամ այլ երկրներից տեղափոխվել և վերաբնակեցվել են Արցախի շրջաններում։ Որքանո՞վ է օրենքը խնդրահարույց, կլինե՞ն դրանում փոփոխություններ, թե՞ ոչ, չեմ կարող ասել», – ասել է Բերբերյանը։

Հիշեցնենք, սակայն, որ Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, երբ այցելել էր Աղավնո և բնակիչներին հորդորում էր իրենց տները լքել առանց այրելու և դռներն ու պատուհանները հանելու, այս որոշման մասին ոչ մի խոսք չէր ասել։

Նշենք, որ Դումբալյանների ընտանիքը սոցիալական աջակացության կարիք ունի։ Օգնել ցանկացողներին խնդրում ենք զանգահարել՝ 077 50 19 24 հեռախոսահամարով։

Նարեկ Կիրակոսյան