Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան. կոնգրեսական Ֆրենկ Փալոուն

33

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ լույս սեպտեմբերի 13-ը հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած հարձակման առնչությամբ:

«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա. Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան: Պետքարտուղարությունն ու պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար», — գրել է նա:

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։