Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան՝ Հայաստանի վրա Բաքվի հարձակման մասին

23

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ լույս սեպտեմբերի 13-ը հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած հարձակման առնչությամբ:

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի չսադրված  հարձակումը Հայաստանի վրա: Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի համար, և ես ամուր կանգնած եմ նրանց կողքին։ Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք», — գրել է կոնգրեսականը:

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: