Հինգ նախկին գերիները առավոտից Քննչական կոմիտեում են

57

Երեկ Հայաստան վերադարձած հինգ նախկին գերիներն այժմ Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են:

Տեղում հավաքված նրանց հարազատները նշեցին, որ տղաներն այստեղ են առավոտյան 10-ից, իրենց ասել են, որ նրանք հավանաբար այսօր ազատ կլինեն, բայց թե որքան կտևեն քննչական գործողությունները, չգիտեն:

Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանի փոխանցմամբ` գերեվարված անձինք վերադառնալուց հետո նախ հարցաքննվում են, ապա նրանց կարգավիճակը հստակեցվում է: Խոսնակն առայժմ չի կարող ասել` այս քննչական գործողությունները երբ կավարտվեն:

Նա նաև հայտնեց, որ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո (2020 թվականի դեկտեմբեր), իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատվածում իրավիճակի սրման ժամանակ:

Իշխանասարի մարտերի ժամանակ 32 զինծառայող էր գերեվարվել: Խծաբերդում 62 շիրակցի պայմանագրային էր գերեվարվել։ Անցած շուրջ մեկուկես տարում Բաքուն նրանց կեսին է վերադարձրել: