Queen-ի «շոուն շարունակվեց» STARMUS-ի բեմում. երաժշտական տոն Երևանում՝ Բրայան Մեյի մասնակցությամբ

41

Լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը մի խումբ անվանի երաժիշտների հետ Երևանում իսկական երաժշտական տոն պարգևեց հանդիսատեսին:

STARMUS VI փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Another World («Ուրիշ աշխարհը») խորագրով համերգը։

 

Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելել հետևյալ կատարումները՝ We Will Rock You, We Are the Champions, Bohemian Rhapsody, Another One Bites The Dust:

Ի հիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի՝ Բրայան Մեյը հատուկ կատարմամբ  հանդես եկավ նրա թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ:

 

«Տարիներ առաջ պատիվ եմ ունեցել Ջիվան Գասպարյանի  հետ նույն բեմում ելույթ ունենալու, ցավոք, նա հիմա մեզ հետ չէ, բայց այսօր շատ ուրախ եմ հանդես գալ նրա թոռան՝Ջիվան Գասպարյան կրտսերի հետ»,- ասաց Մեյը:

Երեկոյի ընթացքում մարզահամերգային համալիրի բեմում կատարումներով հանդես եկան նաև Դերեկ Շերինյանը` Սայմըն Ֆիլիպսի, Ռիք Ֆիերաբրաչիի և Ռոն Թալ Բամբլֆութի հետ, անգլիացի երաժիշտ Գրեհեմ Գոուլդմանը,  System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Նեմրա» հայկական ռոք խումբը և Գոռ Սուջյանը:

Համերգը եզրափակվեց «The Show Must Go On» երգով, որից հետո երկար՝ չդադարող ծափերով հանդիսատեսը  շնորհակալություն էր հայտնում երաժիշտներին: