Սեպտեմբերի 1-ից 97 հազար շահառուի համար կավելանան նպաստները, որը կստանան հոկտեմբերի թոշակի հետ

39

Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կրկին հիշեցրեց, որ նախատեսում են թոշակների բարձրացում առնվազն 3 հազար դրամով։

Սեպտեմբերի1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվել է 21 հազար դրամ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ։

«Գործող օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան երեք հազար դրամը, և մենք որոշեցինք, որ  բարձրացնենք նաև նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով 31 հազար 600 դրամի, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները 3000 դրամը ստանան, ու այս նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների, 5 հազար 186 զինկենսաթոշակառուների ու շուրջ  75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի մեկից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները», — ասաց նախարարը։

Այսպիսով՝ այն թոշակառուները, որնոց թոշակը բարձրացել էր 1900 կամ 2000 դրամ, մնացած հատվածը հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանան։

«Ընդհանուր առմամբ՝ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ից կավելանան նպաստները, որը կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ», — ասաց Մկրտչյանը։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ասաց, թե կառավարության համար կարևորագույն նպատակներից մեկն է թոշակների բարձրացումը։

«Կարծում եմ՝ այս քայլը կարևոր առաջընթաց էր», — նշեց նա։