Ադրբեջանը կարծում է, որ ԼՂ հարցը լուծված է, ինչը հակասում է Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշմանը. Փաշինյան

34

Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վլադիվոստոկի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խոսքը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին է: Ո՞րն է Ադրբեջանի տեսակետը: Նրանք կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և այլևս քննարկելու բան չկա: Մեր դիրքորոշումը և ակնհայտորեն նաև միջազգային հանրության դիրքորոշումը չեն համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ: Ակնհայտ է, որ այդ դիրքորոշումը չի կիսում մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը: Իմ՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի ընթացքում ես և Ռուսաստանի նախագահը ստորագրեցինք հայտարարություն, որտեղ արձանագրված է, որ մենք պետք է համագործակցենք Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այսինքն, Ռուսաստանն արձանագրում է, որ կա հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Եվ  սա տրամաբանական է, որովհետև եթե հիմնախնդիր չլիներ, Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չէին գտնվի Լեռնային Ղարաբաղում»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ Բրյուսելի հանդիպման ընթացքում թե Հայաստանը, թե Ադրբեջանն արձանագրել են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը: Փաշինյանը, սակայն, նկատեց, որ բացարձակապես բոլորն են խաղաղություն ուզում, սակայն յուրաքանչյուրը խաղաղության իր ընկալումը, պայմանները, արդյունքներն ու մթնոլորտն ունի: Նրա խոսքով՝ այստեղից է, որ ծագում են կոնֆլիկտները: