Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված 95 ընտանիք վիճակահանությամբ տուն է ստացել Աստղաշեն համայնքի վարչական տարածքի նորակառույց թաղամասում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նորակառույց առանձնատների վիճակահանության արարողությանը Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը խորհրդանշական է համարել հետպատերազմյան դժվարին իրավիճակում Արցախի Հանրապետության օրը բնակարանամուտով տոնելը։
«Պետական միջոցներով այստեղ շուրջ 136 տուն է կառուցվում։ Առաջիկայում մի քանի տասնյակ ընտանիքներ նույնպես առանձնատներ կստանան այս բնակավայրում։ Մենք կորցրածի դիմաց կառուցում ենք բազմապատիկը՝ մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը հայկական պահելու համար»,-ասել է պետնախարարը։
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության խոսքում նաև կարևորել է ժողովրդագրական աճը՝ որպես Արցախի հզորացման գրավական, որի համար պետության կողմից այսօր հնարավորություններ են ստեղծվում:
Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի խոսքով՝ կառույցի մեկամյա գործունեության ընթացքում ավելի քան 1000 բնակարան է տրամադրվել շահառուներին։
Կոմիտեի նախագահը նշեց, որ վիճակահանությունը վաղ կազմակերպելու նպատակը նաև տանտերերին շինաշխատանքներում ընդգրկելն է և հնարավորություն ընձեռելը, որպեսզի նրանք արդեն իսկ կարողանան զբաղվել տնամերձ հողամասի մշակմամբ, գյուղատնտեսական աշխատանքներով:
Կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանի տեղեկատվությամբ՝ Ասկերանի վերին ենթաշրջանի 4 համայնքից տեղահանված ընտանիքների համար նախատեսված նոր բնակավայրում շինաշխատանքները դեռ շարունակվում են: Բոլոր տները համապատասխան գույքով ու կահավորմամբ շահագործման կհանձնվեն առաջիկա հունվարին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: