Արցախում ավելի քան 90 ընտանիք նորակառույց բնակավայրում վիճակահանությամբ առանձնատուն է ստացել

63

Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված 95 ընտանիք  վիճակահանությամբ տուն է ստացել Աստղաշեն համայնքի վարչական տարածքի նորակառույց թաղամասում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  նորակառույց առանձնատների վիճակահանության արարողությանը Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը խորհրդանշական է համարել  հետպատերազմյան դժվարին իրավիճակում Արցախի Հանրապետության օրը բնակարանամուտով տոնելը։

«Պետական միջոցներով այստեղ  շուրջ 136  տուն է կառուցվում։ Առաջիկայում մի քանի տասնյակ ընտանիքներ նույնպես  առանձնատներ կստանան այս բնակավայրում։ Մենք կորցրածի դիմաց կառուցում ենք բազմապատիկը՝  մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը հայկական պահելու համար»,-ասել է պետնախարարը։

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության խոսքում նաև  կարևորել է ժողովրդագրական աճը՝ որպես Արցախի հզորացման գրավական, որի համար պետության կողմից այսօր հնարավորություններ են ստեղծվում:

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի խոսքով՝   կառույցի  մեկամյա գործունեության ընթացքում ավելի քան  1000  բնակարան է տրամադրվել  շահառուներին։

Կոմիտեի նախագահը նշեց, որ վիճակահանությունը վաղ կազմակերպելու նպատակը նաև տանտերերին շինաշխատանքներում ընդգրկելն է և հնարավորություն ընձեռելը, որպեսզի նրանք արդեն իսկ կարողանան զբաղվել տնամերձ հողամասի մշակմամբ, գյուղատնտեսական աշխատանքներով:

Կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանի տեղեկատվությամբ՝  Ասկերանի վերին ենթաշրջանի 4 համայնքից  տեղահանված ընտանիքների համար նախատեսված նոր բնակավայրում  շինաշխատանքները դեռ շարունակվում են: Բոլոր տները համապատասխան գույքով ու կահավորմամբ շահագործման կհանձնվեն առաջիկա հունվարին: