Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, գեներալ մայոր Միքայել Արզումանյանը այսօր կալանավորվեց: Արզումանյանին ձերբակալել էին նախօրեին, սակայն դատարանի որոշմամբ օրվա վերջում ազատ էին արձակել, քանի որ ձերբակալման ժամկետն ավարտվել էր:
Ըստ մեղադրանքի, 44-օրյա պատերազմի ժամանակ, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում գեներալն անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, չի կատարել դրանք, կամ ոչ պատշաճ է կատարել, չի ապահովել ու չի վերահսկել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի դրսեւորել հաստատակամություն ու վճռականություն, և այսպես՝ «չի»-երի երկար շարան:
Բոլոր նկարագրված արարքների հետևանքը Շուշին ու հարակից տարածքներր անցել են հակառակորդի զինուժի վերահսկողության տակ:
Կարճ ասած՝ գեներալ Միքայել Արզումանյանին մեղսագրվում է Շուշիի անկումը: Եւ այս բացահայտումը քննչական կոմիտեն կատարում է պատերազմից մոտ երկու տարի անց, այն դեպքում, երբ Շուշիի անկումը պատերազմից հետո հանրության կողմից ամենաքննարկված թեմաներից է:
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Արզումանյանի լուսանկարը, որտեղ նա բաց տարածքում ձեռքը պարզած հրահանգ է տալիս զինվորներին, 44-օրյայի խորհրդանիշներից է: Այդ լուսանկարում գեներալի դեմքը մռայլ է, լարված, ինչը հասկանալի է՝ Արզումանյանը քիչ ժամանակ ուներ: Նա ՊԲ հրամանատար է նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր և այլևս չէր կարող պաշտոնավարել: Պատերազմի ավարտին մնացել էր ընդամենը 12 օր:
Փաստորեն, Շուշիի անկման մեղավոր են նշանակել հրամանատարի, որը պատերազմի 44 օրերից ընդամենը վերջին 12 օրն է ղեկավարել Արցախի բանակը: Նրան բերման են ենթարկել դիմակավորված հատուկ ջոկատայինները, իբրև վտանգավոր հանցագործի: Ըստ նրա փաստաբանի, Արզումանյանին առանց ծանուցելու են բերման ենթարկել:
Գեներալի փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը, օգոստոսի 31-ին իր ֆեյսբուքյան էջին մանրամասն ներկայացրել է նաև այլ դատավարական խախտումներ, որոնք թույլ են տվել գեներալ Արզումանյանի հանդեպ՝ վկայի կարգավիճակով բերման ենթարկելն ու հանկարծ մեղադրանք առաջադրելը, դատարան գիշերով բերելն ու 12 ժամ այնտեղ պահելը, ձերբակալման ժամկետից առավել անազատութնյան մեջ պահելը, քանի որ դատավորն այլ նիստի պետք է մասնակցեր, նյութերին ծանոթանալու համար դրանց ծավալին անհամաչափ ժամանակ տալը: «Ակնհայտորեն դատավորի համար արդեն իսկ գործի «վերնագրից» պարզ էր, որ պետք է կալանավորման որոշում կայացնի, ուստի «թքած» ուներ Միքայել Արզումանյանի ազատության և պաշտպանության իրավունքների վրա», — եզրակացրել է փաստաբանը:
Կարելի է արդյո՞ք Շուշիի անկամն ողջ պատասխանատվությունը բարդել գեներալի վրա, ով ընդամենը 12 օր է ղեկավարել Արցախի ՊԲ-ն: Այս հարցն է այսօր գերակշռում սոցցանցերում ու ԶԼՄ-ներում, գեներալի կալանավորման հետ կապված նյութերում և քննարկումներում:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը բացասական պատասխան է տալիս: Forrights.am-ի հետ զրույցում նա ասում է, որ հարցը իրավական դաշտում է, սակայն միայն Արզումանյանին չի կարելի վերագրել այն ամենը, ինչ նկարագրված է մեղադրանքում: «Շատ հավաքական է մեղադրանքը: Չի կարելի առանձնացնել որևէ մեկին: Եթե ուզում ենք, որ որևէ մեկը պատասխանատվություն կրի Շուշիի համար, ապա կարծում եմ, որ առաջինը Արզումանյանը չէ: Ճիշտ է, նա է ռազմական օպերացիայի պատասխանատուն, բայց Արզումանյանը ընդամենը գործողությունների պատասխանատուն է, այլ ոչ թե նրա, թե, օրինակ, ինչ զենք զինամթերք է թույլատրվել կիրառել, այլ հարցերի, որոնք չեմ մանրամասնի: Կարճ ասած՝ ամենը չէ՝, որ իրենից կախված է եղել, և միայն նա չպետք է կրի պատասխանատվությունը»- նշում է փորձագետը:
Հարցին, թե որն է ինքը որպես ռազմական փորձագետ համարում Շուշիի անկման գլխավոր պատճառը, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ի՞նչ ճանապարհներով հակառակորդը հասավ Շուշի: Այդտեղից է պետք սկսել: Դրա մեղավորությունը ոչ թե զինվորականներին է, այլ նախևառաջ քաղաքական պաշտոններ զբաղեցնողներինը, ովքեր թույլատրել են անտառների հատումը, նոր ճանապարհների կառուցումը: Շուշին անառիկ էր, բայց Շուշիի համար ճանապարհներ էին բացել: Հադրութի հատվող անտառները, նոր ճանապարհներ բացելը այդ հատման համար, նպաստեցին, որ հակառակորդը հասնի Շուշիի մերձակայք: Ռազմական տեսանկյունից ես գտնում եմ, որ պաշտպանական ոչ միասնական համակարգ է գործել, կամ դրանից հրաժարվել են, պատճառաբանելով, որ հակառակորդը փոքրաթիվ է, և այդտեղից չի մտնի, շատ գործոններ են եղել: Աջ ձեռքը չի իմացել, թե ձախն ինչ է անում, և դա է եղել պատճառը, որ զինվորականները շրջափակման մեջ ընկան, դա է եղել պատճառը, որ մարդիկ, որքան էլ որ ցանկացան Շուշին պահել, չստացվեց»։
Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը, որն Արցախյան առաջին պատերազմում կողք կողքի կռվել է Միքայել Արզումանյանի հետ, գեներալ-լեյտենանտի կալանավորումը համարում է իրական մեղավորին քողարկելու փորձ: «Իսկ իրական մեղավորը նա է, ով պատրաստվել է պատերազմում պարտության, դա այսօր մեկ մարդ է, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Մնացածը՝ հեքիաթներ են, որպեսզի ժողովուրդն ասի՝ վայ, ինչ անի խեղճ Նիկոլը էսքան դավաճանների ձեռքին»:
Բադասյանը, որը 90-ականներին ճանապարհ է անցել Արզումանյանի հետ, համարում է, որ անթուլատրելի է նման վաստակ ունեցող զինվորականին բերման ենթարկել ստորացուցիչ ձևով, բռնելով ճամփեզրից, «մասկի-շոու» սարքելով:
«Դա ծրագիր է, գեներալներին, մարտական մարդկանց ծաղրելու, նսեմացնելու, որպեսզի մատաղ սերնդի համար գեներալ, հրամանատար բառը հոմանիշ լինի հանցագործի, որ մարդիկ հերոսության չձգտեն», — ասում է Վահան Բադասյանը:
Ռազմական գործիչներից մեկին հարցեր ուղղեցինք մեղադրանքի շուրջ: Նա պատասխանեց, սակայն չցանկացավ, որ իր անունը հրապարակենք քաղաքական շահարկումից խուսափելու պատճառով, նաև՝ որովհետև զինվորականների գլխին սարքելը հիմա դժվար չէ, ամենուրեք դավաճանների ու մեղավորների փնտրտուք է, և Միքայել Արզումանյանի օրինակը դրա ապացույցն է:
«Համարենք, որ այն, ինչ նկարագրված է մեղադրանքում, ճշմարտություն է, ու դեռ մի բան էլ համեստ ճշմարտություն: Բայց այդ դեպքում պետք է հաշվի առնել, որ այդ ծանր իրավիճակն ու զորքերի կառավարման «բարդակը» Միշկոն ժառանգել է: Նա ընդամենը 10-12 օր է եղել հրամանատար: Բա նրանից առաջ եղած մարդի՞կ, բա Հարավային օպերացիոն ուղղությո՞ւնը, որն ավելի վատ վիճակում էր, Տիրան Խաչատրյա՞նը, բա Արզումանյանին ենթակա դիվիզիաների հրամանատարնե՞րը: Բոլորը հարցեր են: Իսկ նա համեմատության մեջ ավելի ձիգ, ավելի կազմակերպված ու լավ հրամանատար է եղել: Կարծում եմ, եթե նա ի սկզբանե լիներ ՊԲ հրամանատարը, իրավիճակն այդքան խայտառակ չէր լինի», — ասաց մեր զրուցակիցը:
Նա պատմեց, որ նոյեմբերի 7-ի երեկոյան, երբ տեղեկություն եղավ, որ Շուշին ընկել է, Միքայել Արզումանյանը դուրս է եկել բունկերից, գնացել է ավտոմատը ձեռքին զորքի հետ կռվելու: «Նրան համոզել են, հետ են բերել, որ գա, մտնի բունկեր, շարունակի օպերացիան ղեկավարել: Ամսի 8-ի առավոտը մենք հակահարձակում էինք անելու, հայտնի պատմություն է, բայց գիտեք, որ ամսի 8-ին հակահարձակման գնացինք, ու ավելի վատ արդյունք ստացվեց: Իսկ 9-ին նրանք վերջնական գրավեցին Շուշին»:
Մեր զրուցակիցը Միքայել Արզումանյանին բնորոշեց որպես մարդ, որն ավտոմատը ձեռքին զորքի հետ կռվել է: «Նա մարդ է, որին զորքը շատ էր սիրում, մարդ, որը անզիջում էր ու թալանչի չէր, անկուշտ չէր, համեմատելի չէր այլ գեներալների հետ: Նա այն գեներալներից է, որոնք վարկաբեկված չեն»:
Միքայել Արզումանյանը բնակվում է Երևանում: Նրա հարևան զինվորականներից մեկը պատմեց Forrights.am-ին, որ Արզումանյանի ընտանիքն աչքի է ընկնում համեստ կենսակերպով: «Տարվա կեսն այստեղ են, տարվա կեսն՝ Արցախում: Նա համեստ ընտանիք ունի, երեխաները նման չեն նախարարների երեխաներին իրենց համեստ կեցվածքով, ելումուտով», — ասաց նա:
Միքայել Արզումանյանը զինվորական կարիերայի սանդուղքով բարձրացել է աստիճան առ աստիճան: 1992 թվականին վաշտի հրամանատար է եղել: Ընդամենը 20 տարեկան էր, ամենաերիտասարդ վաշտի հրամանատարն էր Արցախի: Արցախյան առաջին պատերազմից հետո, 1995-1996 թվականներին Պաշտպանական շրջան է ղեկավարել, 1997-ից 2006-ը՝ հետախուզական գումարտակ, հետո դիվիզիայի հրամանատար է եղել, ՊԲ շտաբի պետի տեղակալ:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: