Դերենիկ Խաչատրյանը  2016ի քառօրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր` տանկիստ, 2020-ի պատերազմին Խաղաղապահ բրիգադի ծառայող: Նա զոհվել է Քարվաճառում, 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը:

Դերենիկը քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի մանկության ընկերն էր: Տղաները մեծացել էին Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, ապա երկուսով զորակոչվել էին բանակ: Քյարամի հետ տեղի ունեցածից րոպեներ առաջ մտերիմ ընկերները միմյանց հրաժեշտ էին տվել եւ Քյարամը բարձրացել էր դիրքեր:

Դերենիկի մոր` Սուսաննայի խոսքով, որդին անգամ տարիներ անց ոչ մի կերպ չէր համակերպվում ընկերոջ կորստի հետ, անընդհատ մտովի նրա հետ էր, հաճախ էր գերեզման այցելում: Մի օր էլ որոշել է ու մորը հայտնել է, որ պետք է զինվորական դառնա ու ծառայի Խաղաղապահ բրիգադում. «Նորմալ աշխատանք չկար, ասեց` ավելի լավ է գնամ Խաղաղապահ զորքեր: Ես ասացի` տղա ջան, դա դժվար գործ է, ավելի լավ է ուրիշ բան ընտրես… բայց դու գիտես: Ու նա սկսեց ծառայությունը: Տարբեր երկրներ էր գնում, ամիսներով մնում էր»:

2020ի սեպտեմբերի 20-ին Դերենիկը նոր էր տուն վերադարձել Աֆղանստանից: «Մենք նրան մեկ շաբաթով էլ նորմալ չտեսանք: Նրան թողել էին տուն, որ կարանտինում մնար` բժիշկների հսկողության տակ: Զանգ եկավ, որ տագնապ է: Ինքը վեր կացավ ու գնաց: Դեռ պատերազմը չէր սկսել: Նրան տարան Արարատի պոստեր: Երբ զանգեց, ասեց, զարմացա, ասացի` տղա ջան, դու նոր ես վերադարձել, քեզ ո ՞նց են տանոմ պոստեր: Սպասում էի տասնհինգ օր հետո որ տուն գար, բայց չեկավ: Փոքր տղաս էլ էր զինվորական, նրան էլ տարան: Մեկին տարան Կուբաթլու, մյուսին` Քարվաճառ»,- պատմում է մայրը:

Տիկին Սուսաննան ասում է` որդին զոհվել է ԱԹՍ հարվածի հետեւանքով. «Ինձ մեր գյուղի դպրոցի տնօրենն ասեց: Գյուղապետին էին ասել, գյուղապետը տնօրենին էր ասել ու որ ինձ չի կարող ասել: Տնօրենը նախ ասաց, թե տղաս թեւից վիրավոր է, բայց ես չհավատացի…ես զգում էի, որ ավելի վատ բան է եղել տղայիս հետ»:

Զոհված զինվորականի մոր խոսքով, տեղի ունեցածից համարյա երկու տարի անց անգամ հնարավոր չէ հավատալ, որ այս ամենը իրականություն է. «Առանց նրա ինձ համար կյանքը շատ դժվար է, ես չեմ կարողանում առանց նրա: Մեկ աղջիկ ու մեկ տղա ունեմ, նրանց շնորհիվ մի քիչ հանգստանում եմ, բայց կորուստը շատ մեծ է: Մինչեւ հիմա ես գիտեմ, թե ինքը գալու է, մի տեղից դուրս է գալու ու գա: Չեմ հավատում, որ ինքը չկա»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest