Մեդիա կենտրոնում այսօր կազմակերպվել էր քննարկում «24 միլիոն դրամ «բանակից ազատվելու գի՞ն», թե՞պրոֆեսիոնալ բանակի գրավական» թեմայով։ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Հրանտ Ջիլավյանն ասաց, որ ՄԻՊ գնահատմամբ՝ կառավարության ներկայացրած նախագիծը խնդրահարույց է, քանի որ առերևույթ առկա են խտրականության արգելքի սկզբունքի և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խախտումներ․
«Այս տարբերակված մոտեցումը խտրական է, հատկապես այն դեպքում, երբ չունի իրավաչափ կամ ողջամիտ նպատակ։ Ներկայացված նախագծով առնվազն ընկալելի չէ օբյեկտիվ հիմքը, որի հիմա վրա պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվի նույն կարգավիճակ ունեցող զինծառայողների նկատմամբ։ Օբյեկտիվ հիմք կարող ենք համարել գույքային դրությունը, որը առնվազն հասկանելի և ընդունելի չէ»։
Նրա խոսքով՝ նախագծի առաջարկած արտոնությունից կարող են օգտվել բացառապես նյութապես ապահովված կամ հարուստ անձանց շրջանակը, հետևաբար սա սոցիալական արդարության տեսանկյունից ևս խնդրահարույց է․
«Հաջորդ կոմպոնենտը բանակում ամուր կարգապահություն ունենալու անհրաժեշտությունը և տեսլականն է։ Վերջին ժամանակում ունենք ոչ մարտական պայմաններում մահացության, ինքնասպանությունների, ինքնավնասումների թվի աճ, և այդ տենդենցը շարունակվում է։ Նախագծից հետո արտոնյալ զինծառայողների և մյուսների միջև կոնֆլիկտ է առաջանալու, որը բերելու է բանակում կարգապահության մակարդակի իջեցման»։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ նախագծին իմիջայլոց մոտեցում է տրվել և խորքային ոչինչ հաշվի չի առնվել։ Նրա խոսքով՝ նախագծով շահագրգիռ կողմերը կարող են մի քանի քրեական գործ բացել և տեսնել՝ որոնք են հիմքերը, որ բանակում սպանում են իրար, և ինչ մթնոլորտ է այնտեղ․
«Այդ մթնոլորտում ուզում եք բերել արտոնյալների դասը, թե ոնց են սոցիալապես անապահով պայմաններում ապրող զինծառայողներին ճնշում և չկատարած հանցագործութունները բարդում նրանց վրա։ Մենք տեսնում ենք՝ ինչն է հիմք հանդիսանում հանցագործությունների համար։ Բանակի ներսում այդ խնդիրների ֆոնին, մանավանդ պատերազմից հետո, արտոնյալների դաս նորից ստեղծել»,-ասաց իրավապաշտպանն ու վկայակոչեց երկու տարի առաջ այն զինվորի դեպքը, ով փախել էր զորամասից, քանի որ իր վրա էին դրել պարտքեր ու, իր խոսքով, կսպանեին իրեն, եթե այդ պարտքերը չտար։
Պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նախագիծը մեկնաբանելիս շեշտադրել է, որ 4,5 ամիսը ևս ծառայություն է, և այդ քաղաքացիները համարվելու են պահեստազորայիններ, և անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների ժամանակ կարող են կրկին ծառայության կանչել․
«Մենք կունենանք լավ վարձատրվող պայմանագրայիններ, նաև մարդիկ, ովքեր զարտուղի ճանապարհներ չեն գտնի՝ բանակից ազատվելու։ Գաղտնիք չէ, որ ամեն ինչ անում են, որպեսզի հիվանդություններ ինչ-որ վերագրեն իրենց երեխաներին կամ այլ դրսևորումներ, որպեսզի բանակի ծառայությունից խուսափեն»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն, անդրադառնալով Խաչատրյանի մեկնաբանությանը, ասաց, որ այն ուղղակի խոստովանություն է, որ իրենք անզոր են կոռուպցիայի դեմ պայքարել․
«Ընդունում են մի բան, որ այդ կոռուպցիոն խախտումները կատարում են ունևորները, ովքեր ունեն միջոցներ։ Եվ գալիս ենք մյուս հանգամանքին՝ սոցիալական անարդարության հերթական դրսևորմանը։ 2018 թվականի հեղափոխության բուն պատճառը սոցիալական արդարության դեֆիցիտն էր, որը տարիներ շարունակ մնում էր որպես համակարգային երևույթ և չհաղթահարված։ Այն հետևանք էր իրավունքի գերակայության սկզբունքի չպաշտպանելուն, հետևանք է հենց խտրական դրսևորումների դեմ պատշաճ պայքար չմղելուն»։
Գրասենյակը Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների մահվան հանգամանքների ուսումնասիրության վերաբերյալ զեկույցում արձանագրել էր, որ զոհվածների գերակշիռ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից էին․
«Մարդու իրավունքի տեսակետից այս հակաիրավական փաստաթուղթը ինքնին արդեն որևէ բարենպաստ ազդեցություն չի կարող ունենալ։ Այն անգամ թվաբանական տեսակետից, մարդկային ռեսուրսների առումով որևէ կերպ հիմնավորված չէ, որովհետև հաշվարկ արված չէ, թե քանի զինծառայողի խնդիր է հոգում։ Մեթոդը ձախողված է»։
Իրավապաշտպանը հավելեց՝ նախագիծը համարվում է ԶՈՒ-ն սոցիալապես անապահով զինծառայողներով համալրելու նախագիծ, իսկ Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ այն փոխում է նաև վերաբերմունքը Զինված ուժերի նկատմամբ․
«Այսպիսի անհեռատես նախագիծ ներկայացնելը ցույց է տալիս իրենց վերբերմունքը բանակի նկատմամբ, որ ոչինչ չի արվում բանակը փոխելու համար։ Մինչև հիմա զինվորները վրանների տակ են, և չկա այդ կահավորումը՝ զինվորների կյանքը պաշտպանելու համար։ Հոգեբանական առումով սա շատ ծանր հետք է թողնելու», եզրափակեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո(միջինը՝ 4,5 ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարելու պայմանով՝ վաղաժամկետ արձակել պարտադիր զինվորական ծառայությունից։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: