Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Էդգար Քոթանջյանի ծնողների համար գրեթե երկու տարի անց էլ իրենց  որդու մահվան հանգամանքները մնում են  չպարզված: Էդգարը տասն ամսվա զինծառայող էր, երբ սկսվում է պատերազմը, ծառայում էր  Արցախում` «Մարտունի-2 »  զորամասում:

Մինչ այդ Էդգարը հասցրել էր խոհարարի մասնագիտություն ձեռք բերել, այլ ծրագրեր էլ ուներ, որոնք պատրաստվում էր իրականացնել զինծառությունն ավարտելուց  հետո:

Մայրը` Սիրանուշ  Սողոյանը,  պատմում է, որ որդին խիզախ էր, ծառայում էր որպես  գնդացրորդ, տիրապետում էր տարբեր  զինատեսակների:

«Պատերազմը սկսվելուց   մի  քանի  օր հետո Էդգարին տարան Վարանդա, որտեղ նա կռվել է առաջնագծում, ըստ որոշ լուրերի, ընկել  շրջափակման մեջ եւ զոհվել հոկտեմբերի 27-ին: Մենք մինչեւ վերջին օրն էլ չենք իմացել, որ նա Վարանդայում է կռվել: Ոչ մի ստույգ բան չգիտենք, ոչ մեկը չի եկել, ասել, թե իմ երեխեն որ դիրքում է եղել: Գիտեմ, որ առանց հրամանատարի են կռվել, կա ձայնագրություն, որը դա է վկայում: Ասում են, որ այդ ջոկատից բոլորը զոհվել են, երեք հոգի են ողջ մնացել: Նրանք էլ գտել են զոհված տղայիս, ասել, որ նա արժանի էր, որ վերադառնար…»,- պատմում է մայրը` Սիրանուշը, որն իրեն հասած տարբեր կցկտուր պատմություններից  փորձում է ամբողջացնել որդու` որպես պատերազմի մասնակցի, հերոսի կերպարը:

Պատերազմի օրերին Էդգարը կապ է պահպանել ծնողների հետ, նրանց  հավաստիացրել, որ ամեն ինչ լավ է, չվհատվեն, չկոտրվեն, սակայն չի ասել իր գտնվելու վայրը: Վերջին զրույցի  ժամանակ էլ` հոկտեմբերի 26-ին,   միայն ասել է, թե  քայլում են, հետո կրակոցի ձայն է լսվել: Դրանից հետո, ըստ Սիրանուշի, էլ կապ չի եղել:

Հոկտեմբերի 26-ից սկսած` Էդգարի ծնողները սպասել են նրա զանգերին: Եվ միայն նոյեմբերի 3-ին են տեղեկացել, որ իրենց որդու դին Երեւանում է:

Տիկին Սիրանուշի ասելով` իրենք չգիտեն էլ, թե ով է բերել դին, ասել են, թե նա հրազենից է զոհվել: Սակայն, երբ Էդգարի հայրը հետաքրքրվել է, թե որն է հրազենի խոցած տեղը, ասել են, թե արդեն կարել են: Մինչդեռ`արտաքինից չի երեւացել, որ Էդգարը վնասվածք է ստացել, նա կատարյալ առողջ տպավորություն է  թողել: Էդգարի հետ ծառայած տղաներից մեկն էլ պատմել է, թե նա զոհվել է ԱԹՍ-ի հարվածից:

Սիրանուշն ասում է, որ իրենք ուզում են բացահայտել որդու մահվան հանգամանքները, սակայն չգիտեն, թե ում դիմեն, չեն վստահում ոչ ոքի:

Էդգարի կրտսեր քույրը` Արփին, հիշում  է. «Հորաքրոջս  տղան` Լեւոն Դանապետյանը, պատմում էր, որ իրենց  ջոկատին էլ են ցանկացել մեքենայով  տանել Վարանդա, սակայն չեն գնացել` իմանալով,  որ  ոչ  մի  օգուտ չեն տալու: Հետո էլ որոշել են, որ ոտքով գնան:  Իրենք փորձել են ոտքով ճանապարհ ընկնել, որպեսզի ապահով լինեն, սակայն ճանապարհին ռմբակոծել են, իրենք էլ մի կերպ են փրկվել, իսկ Լեւոնը  բեկորային վնասվածք է ստացել  գլխին:

Գիտենք, որ  «Մարտունի-2 » զորամասի    զինվորներին խումբ-խումբ տարել են Վարանդա, եւ նրանք այնտեղից հետ չեն եկել: Եղբայրս էլ միայն հորաքրոջս տղային է կոդերով ասել, որ իրեն տանում են Վարանդա, զգուշացրել, որ այդ մասին ոչ ոքի չասի: Հոկտեմբերի 27-ին հորաքրոջս տղան  վիրավորվում է հենց Վարանդա գնալու ճանապարհին : Երեք օր մենք զանգ չենք ստանում ո՛չ հորաքրոջս տղայից, ո՛չ Էդգարից: Հետո, երբ հորաքրոջս տղային վիրավոր վիճակում գտանք հիվանդանոցում, հույսեր արթնացան, որ Էդգարին էլ կգտնենք մի տեղ: Եվ միայն նոյեմբերի 3-ին իմացանք, որ ինքը չկա»:

Իսկ Էդգարի զոհվելուց հետո ՀՀ քննչական կոմիտեն նրա հարազատներին  է  տրամադրել զինծառայողի անձնական իրերը`հեռախոսը, զինգրքույկը, անգամ եղունգներ կտրելու գործիքը: Հեռախոսի մեջ էլ պահպանվել է մի տեսանյութ, որտեղ  խոսակցություններից  երեւում է, թե ինչպես են տղաները կռվում` առանց հրամանատարի, ինչպես են նրանք թաքուն խոսում, որ հակառակորդը  չկրակի, եւ թե ինչպես են  նրանց ասում, որ չկրակեն :

«Չկրակեին, որ զոհվեի՞ն »,- հարցնում է մայրը:

 

Թագուհի  Հակոբյան        

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest