Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Էդգար Քոթանջյանի ծնողների համար գրեթե երկու տարի անց էլ իրենց որդու մահվան հանգամանքները մնում են չպարզված: Էդգարը տասն ամսվա զինծառայող էր, երբ սկսվում է պատերազմը, ծառայում էր Արցախում` «Մարտունի-2 » զորամասում:
Մինչ այդ Էդգարը հասցրել էր խոհարարի մասնագիտություն ձեռք բերել, այլ ծրագրեր էլ ուներ, որոնք պատրաստվում էր իրականացնել զինծառությունն ավարտելուց հետո:
Մայրը` Սիրանուշ Սողոյանը, պատմում է, որ որդին խիզախ էր, ծառայում էր որպես գնդացրորդ, տիրապետում էր տարբեր զինատեսակների:
«Պատերազմը սկսվելուց մի քանի օր հետո Էդգարին տարան Վարանդա, որտեղ նա կռվել է առաջնագծում, ըստ որոշ լուրերի, ընկել շրջափակման մեջ եւ զոհվել հոկտեմբերի 27-ին: Մենք մինչեւ վերջին օրն էլ չենք իմացել, որ նա Վարանդայում է կռվել: Ոչ մի ստույգ բան չգիտենք, ոչ մեկը չի եկել, ասել, թե իմ երեխեն որ դիրքում է եղել: Գիտեմ, որ առանց հրամանատարի են կռվել, կա ձայնագրություն, որը դա է վկայում: Ասում են, որ այդ ջոկատից բոլորը զոհվել են, երեք հոգի են ողջ մնացել: Նրանք էլ գտել են զոհված տղայիս, ասել, որ նա արժանի էր, որ վերադառնար…»,- պատմում է մայրը` Սիրանուշը, որն իրեն հասած տարբեր կցկտուր պատմություններից փորձում է ամբողջացնել որդու` որպես պատերազմի մասնակցի, հերոսի կերպարը:
Պատերազմի օրերին Էդգարը կապ է պահպանել ծնողների հետ, նրանց հավաստիացրել, որ ամեն ինչ լավ է, չվհատվեն, չկոտրվեն, սակայն չի ասել իր գտնվելու վայրը: Վերջին զրույցի ժամանակ էլ` հոկտեմբերի 26-ին, միայն ասել է, թե քայլում են, հետո կրակոցի ձայն է լսվել: Դրանից հետո, ըստ Սիրանուշի, էլ կապ չի եղել:
Հոկտեմբերի 26-ից սկսած` Էդգարի ծնողները սպասել են նրա զանգերին: Եվ միայն նոյեմբերի 3-ին են տեղեկացել, որ իրենց որդու դին Երեւանում է:
Տիկին Սիրանուշի ասելով` իրենք չգիտեն էլ, թե ով է բերել դին, ասել են, թե նա հրազենից է զոհվել: Սակայն, երբ Էդգարի հայրը հետաքրքրվել է, թե որն է հրազենի խոցած տեղը, ասել են, թե արդեն կարել են: Մինչդեռ`արտաքինից չի երեւացել, որ Էդգարը վնասվածք է ստացել, նա կատարյալ առողջ տպավորություն է թողել: Էդգարի հետ ծառայած տղաներից մեկն էլ պատմել է, թե նա զոհվել է ԱԹՍ-ի հարվածից:
Սիրանուշն ասում է, որ իրենք ուզում են բացահայտել որդու մահվան հանգամանքները, սակայն չգիտեն, թե ում դիմեն, չեն վստահում ոչ ոքի:
Էդգարի կրտսեր քույրը` Արփին, հիշում է. «Հորաքրոջս տղան` Լեւոն Դանապետյանը, պատմում էր, որ իրենց ջոկատին էլ են ցանկացել մեքենայով տանել Վարանդա, սակայն չեն գնացել` իմանալով, որ ոչ մի օգուտ չեն տալու: Հետո էլ որոշել են, որ ոտքով գնան: Իրենք փորձել են ոտքով ճանապարհ ընկնել, որպեսզի ապահով լինեն, սակայն ճանապարհին ռմբակոծել են, իրենք էլ մի կերպ են փրկվել, իսկ Լեւոնը բեկորային վնասվածք է ստացել գլխին:
Գիտենք, որ «Մարտունի-2 » զորամասի զինվորներին խումբ-խումբ տարել են Վարանդա, եւ նրանք այնտեղից հետ չեն եկել: Եղբայրս էլ միայն հորաքրոջս տղային է կոդերով ասել, որ իրեն տանում են Վարանդա, զգուշացրել, որ այդ մասին ոչ ոքի չասի: Հոկտեմբերի 27-ին հորաքրոջս տղան վիրավորվում է հենց Վարանդա գնալու ճանապարհին : Երեք օր մենք զանգ չենք ստանում ո՛չ հորաքրոջս տղայից, ո՛չ Էդգարից: Հետո, երբ հորաքրոջս տղային վիրավոր վիճակում գտանք հիվանդանոցում, հույսեր արթնացան, որ Էդգարին էլ կգտնենք մի տեղ: Եվ միայն նոյեմբերի 3-ին իմացանք, որ ինքը չկա»:
Իսկ Էդգարի զոհվելուց հետո ՀՀ քննչական կոմիտեն նրա հարազատներին է տրամադրել զինծառայողի անձնական իրերը`հեռախոսը, զինգրքույկը, անգամ եղունգներ կտրելու գործիքը: Հեռախոսի մեջ էլ պահպանվել է մի տեսանյութ, որտեղ խոսակցություններից երեւում է, թե ինչպես են տղաները կռվում` առանց հրամանատարի, ինչպես են նրանք թաքուն խոսում, որ հակառակորդը չկրակի, եւ թե ինչպես են նրանց ասում, որ չկրակեն :
«Չկրակեին, որ զոհվեի՞ն »,- հարցնում է մայրը:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: