Անդրանիկ Հովհաննիսյանը, որը մասնակցել է 44-օրյա պատերազմին և չի վերադարձել,  մինչ օրս չունի ոչ զոհվածի, ոչ անհայտ բացակայողի կարգավիճակ:

Նրա մայրը՝ Մարինե Պողոսյանը, այն 60 ծնողների շարքում է, որոնք հրաժարվում են ճանաչել իրենց հրամցված զոհվածների մարմինները:

Մարինե Պողոսյանին և նրա ամուսնուն՝ Կամո Հակոբյանին, ցույց են տվել զինվորի դիակի լուսանկար: Դեմքը այրված է եղել, թևին դաջվածք: Նկարն ուսումնասիրելով, կինը որոշել է, որ այնտեղ պատկերվածը թեև նմանատիպ դաջվածք ունի, բայց իր որդուց տարիքով է:

«Տղաս փոքրամարմին էր, բարակ ոսկորով, իսկ սա խոշոր տղամարդ էր, տարիքով: Նա չէր կարող իմ որդին լինել՚, — ասում է Մարինեն:

Անդրանիկ Հովհաննիսյանը նկարիչ էր: 25 տարեկանում հարազատ Եղեգնուտ գյուղից որպես կամավոր գնաց  Ջեբրայիլ: Վերջին անգամ նրան տեսել են 2020 թվականի հոկտեմբերի 4-ին: Ծնողները լեգենդ են հորիներ ԱՆդրանիկի մասին՝ որ նա վիրավորվել է, գերի է ընկել, հիմա Ադրբեջանում է: Հավատալ, որ որդին չկա, նրանք ի վիճակի չեն:

«Ամուսինս արյուն է հանձնել, նրա եղբայրը արյուն է հանձնել, բայց գենետիկական հետազոտությունը ոչինչ ցույց չի տվել», — ասում է Մարինե Պողոսյանը, վստահ լինելով, որ դիակը, որի լուսանկարները տեսել է, իր որդին չէ:

Երկար ժամանակ ամուսինները չէին դիմում դատարան, Անրանիկին անհայտ կորածի կարգավիճակ տալու պահանջով:  Վերջապես դիմեցին, սակայն դատարանը հրաժարվում է Անդրանիկ Հակոբյանին անհայտ կորածի կարգավիճակ շնորհել:

Ինչո՞ւ: Մայրն իր բացատրությունն ունի: Ըստ նրա, մեղավորը ԱԿԲԱ Բանկն է, որն իր որդուն չի ներել իրենց հարևանի համար երաշխավորություն տալը: Հարևանը բանկի գումարը չի վերադարձնում, Մարինեն էլ որոշել է, որ դա է պատճառը, որ որդուն չեն ճանաչում անհայտ բացակայող:

ՙԱնդրանիկը հարևանի համար երաշխավոր կանգնեց, հիմա հարևանը գումարի չի տալիս բանկին, Անդրանիկս կորած է, բայց էդ պարտքի համար նրա դեմ հետախուզում են հայտարարել: Խոստացան բանկից, որ հէչ կանեն պարտքը, բայց հէչ չարեցին: Մի երկու երաշխավոր էլ կան: Չի լին՞ի, որ իմ տղային հանեն միջից, մենք ոչ մի բանից չենք օգտվում: Որ  իրա վրա հետախուզում է դրված, ոչ մի գումար չեք ստանում՚, — գանգատվում է կինը:

 

Ինչպե՞ս կարող է դատարանը հրաժարվել պատերազմի մասնակցին անհայտ կորածի կարգավիճակ տալ բանկում ժամանակին ունեցած ինչ-որ չմարած պարտավորության համար:

Այս հարցով դիմեցինք ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության  կենտրոն և ստացանք հետևյալ պատասխանը.

ՙԾնողը՝ Մարինե Պողոսյանը, դիմումատու է: Նրա որդու ԴՆԹ փորձաքննության պատասխանը դրական է, սակայն ծնողը հրաժարվում է որդու մարմինը վերցնել: Քանի որ ԴՆԹ հետազոտությամբ նրա որդու մասունքներն իդենտիֆիկացվել են, դատարանը չի կարող նրան ճանաչել անհայտ կորած՚:

Պաշտպանության նախարարության տվյալներով, ներկայում 44-օրյա պատերազմի մոտ 6 տասնյակ  ծնողներ հրաժարվում են ճանաչել ԴՆԹ փորձաքննությամբ հաստատված  մասունքները: Մարինե Պողոսյանը նրանց թվում է:

ՊՆ-ից ստացած պատասխանը անակնկալ էր Մարինե Պողոսյանի համար: Նա ասաց, որ  իրեն ոչ ոք չ ի տեղեկացրել, որ որդու մասունքներն իդենտիֆիկացվել են:

ՙՄենք զանգում ենք քննիչին, նա ասում է, որ մեր գործով էլ ինքը չի զբաղվում: Գնում ենք ՊՆ, մեզ չեն թողնում, որ մենք բարձրանանք: Մեզ ոչինչ չեն ասել, մեզ չեն տեղեկացրել, որ մեր որդու մ արմինը ճանաչվել է՚, — ասում է մայրն ու լաց  լինում:

Բայց և այնպես նա հրաժարվում է հավատալ փորձաքննության արդյունքներին:

Վատն այն է, որ չվերցնելով մարմինը դիահերձարանից, չի կարողանում դառնալ ՙ1000+՚ հիմնադրամի շահառու, ստանալ զոհվածի համար միանվագ տրվող 10 մլն դրամը և զրկվում է նաև ամեն ամիս տրվող մնացած գումարներից: Իսկ անհայտ բացակայողի կարգավիճակ նրա որդուն այլևս չի կարող տրամադրվել, քանի որ նրա մասունքները համարվում են իդենտիֆիկացված և պաշտոնապես նա համարվում է զոհված:

ՙԻնձ իրենց միլիոնները պետք չեն, իմ որդին ողջ է, նա հետ է գալու, ես գիտեմ՚, — ասում է Մարինե Պողոսյանը: Նրան թվում է, որ եթե վերցնի որդու մահվան համար պետության կողմից տրամադրվող փոխհատուցումը, կստացվի, որ դավաճանեց իր որդուն: Ապրել է առանց միլիոնների, հիմա էլ կապրի, եթե բանկն իրենց հանգիստ թողնի: Բայց բանկից պարբերաբար անհանգստացնում են Մարինեին: Ասում են, որ եթե չի ուզում որդու պարտքը տա, թող հարևանին համոզի, որ բերի իրենց գումարը փակի: Այսպես էլ մնացել է Մարինեն բանկի ու հարևանի արանքում:

Նրա ամուսինը, Կամոն նույնպես չի կարողանում համակերպվել որդու կորստյան հետ: Նա մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել:

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest