«Ու դու պետք ա կյանքդ շարունակես՝ առանց որևէ բան հիշելու` ցույց չտալու, որ պատերազմ ես ապրել»

89

«Պատերազմը մարդկանց կյանքեր ա կործանում, խեղաթյուրում քո գծած ծրագիրը, որով ապրել ես ուզում, ու դու պետք ա կյանքդ շարունակես՝ առանց որևէ բան հիշելու` ցույց չտալու, որ պատերազմ ես ապրել»։

Պատերազմում կամավոր Մանուկ Մանուկյանի կնոջ՝ Թագուհու խոսքերն են։ Պատերազմի մասին խոսելը ցավոտ է իր համար․ կյանքում երեք պատերազմ է տեսել, որից վերջինը խլեց ամուսնու կյանքը։

Սեպտեբերի 27-ը շատ լավ է հիշում.աշխատանքի էր։ Զանգեց տուն, երեխաները, թե կռիվ է․

«Գիշերը նոր տուն եկավ ամուսինս, զինկոմիսարիատ էին կանչել։ Հոկտեմբերի 18-ին զորակոչման հրամանը եկավ, տարան»։

Տիկին Թագուհին համոզել է ամուսնուն, որ չգնա, ասում է՝ հենց սկզբից կանխազգում էր՝ վատ բան է լինելու․

«Ես գիտեի, իմ ներքին զգացողությունը ինձ երբեք չի խաբել, գիտեի՝ գնալու ու էլ հետ չէր գալու»։

Սկզբում Կապանում է եղել, հետո՝ մինչև վերջ Բերձորում։ Ընտանիքին ճիշտը չի ասել։ Հաճախ չեն զանգել, գիտեին, որ վտանգավոր է։

50-ամյա կամավորը զոհվել է նոյեմբերի 6-ին՝ ականանետի հարվածից։

«Այդ օրը ամբողջ գիշեր չկարողացա քնել։ Ամբողջ օրը տեղս չէի գտնում, չէի հասկանում՝ ինչ ա կատարվում հետս»։

Ընտանիքը Մանուկի զոհվելու մասին նոյեմբերի 7-ին է իմացել, որի մասին, սակայն, գյուղում բոլորը գիտեին․

«Ամուսնուս եղբորորդու հետևից գյուղի երեխեքն ասել են՝ Տիգրանի հոպարը զոհվել ա։ Չի հավատացել։ Գնացի ամուսնուս եղբոր տուն՝ իմանալու իր որդուց ինչ լուր կա, նա էլ էր ծառայում։ Ոչ մեկի դեմքին գույն չկար, խաբեցին, թե ծանր վիրավոր ա, ես չհավատացի, ասի՝ Մանուկը զոհվել ա»։

Մանուկ Մանուկյանը երեք երեխաների հայր էր, ամենափոքրը 10-ամյա որդին է։ Հոր զոհվելու լուրը երեխաներին ոչ ոք չի հայտնել, մայրն է ասում՝ շատ արագ հասկացել են։

Մանուկը «լավ շինարար» էր։ Գյուղի շատ տներ ինքն է կառուցել․

«Իսկ մենք մնացինք առանց տուն։ Հիմա ես եմ փորձում ուրիշների միջոցով տունը սարքել»։

Միջնեկ դուստրը, ով ամբողջ ընթացքում լսում էր մայրիկին, ավելացրեց․

«Պապան պետք ա աներ իր ձեռքով ամեն ինչ, գծագիրը գծել էր նախօրոք»։

Տունն իր ձեռքով չի կառուցի, բայց գծագիրը կմնա նույնը, ինչպես հայրիկն էր ուզում։

Անի Գևորգյան

Քնարիկ Վարդանյան