«Խանումյանն ասաց՝ եթե ուզում եք մնալ ազերների հետ ապրել, մնացեք ապրեք»․ Աղավնոյից տեղահանված

3492

Հայաթափված Աղավնոյի բնակիչներին ոչ Հայաստանի, ոչ Արցախի կառավարությունները չեն տվել բնակարանի գնման սերտիֆիկատներ։ Չնայած, որ հայտարարել էին, թե դրանք բնակիչներին կտրվեն մինչև օգոստոսի 25-ը, բայց անօթևան դարձած արցախցիները դեռ սերտիֆիկատները չեն ստացել։

«Հանեցին մեր ձեռքից տներն ու մեզ թողեցին քուչեքը։ Մենք խաբված ենք, մեզ լավ խաբեցին։ Շուտ-շուտ՝ 10 օրվա մեջ մեզ դուրս հանեցին, գնացեք՝ ինչ ուզում եք արեք»,-ասում է Աղավնոյից տեղահանված Թամար Տումպալեան-Թիթիզեանը։

Երազանքներն Աղավնոյում թողած տիկին Թամարը հիմա մեկ երազանք ունի՝ չորս պատ ու մի տանիք, անչափահաս երեխայի, հաշմանդամություն ունեցող ամուսնու և իր համար։ «Մի սենյակ էլ լինի ինձ հերիք է։ Կարևորը իմանամ, որ վարձով չեմ։  Վարձով ապրելը շատ դժվար է և ժողովուրդն էլ օգտվում է առիթից՝ տեսնելով, որ դրսից եկած ենք կամ Արցախից տեղահանված ենք, վարձերը, եթե 90 է, ասում են՝ 100-120 հազար»։

Բայց ինչպե՞ս տիկին Թամարն ու Աղավնոյից տեղահանված մյուս ընտանիքները գնեն այդքան երանելի դարձած չորս պատը, երբ պետությունը ուշացնում է գումարների հատկացումը։ Տիկին Թամարին Ստեփանակերտից նոր ժամկետ են ասել՝ օգոստոսի 31, բայց նա մեծ հույսեր չունի, նշում է՝ մի պատճառ էլ այդ օրը կներկայացնեն։

«Ոչ մի բան էլ չտվեցին։ Օգոստոսի 25-ից հետո զանգեցինք, ասեցին ամսվա վերջ կլինի, բայց ես չեմ հավատում, մեջս կասկած կա, որ խաբում են։ Սերտիֆիկատները ուշացնելու են մինչև, որ ժողովրդին հասցնեն վերջին կետին։ Մենք Խանումյանին զանգեցինք, ինքն ասաց, որ մինչև ամսվա վերջ լինելու է, Հայաստանում են տպում,  զանգելու ենք, գաք՝ ստանաք։ Սպասում ենք ամսի 31-ին։ Ես հույս չունեմ, չեմ հավատում»,- ասում է նա։

Այս ընտանիքն Աղավնոյից դուրս է եկել օգոստոսի 15-ին։ Այժմ բնակվում են Էջմիածնում՝ վարձով։ Երկու ամսվա տան վարձը վճարել է Կարմիր Խաչը։  «Բայց հետո չգիտենք, թե ինչ է լինելու։ Իմ միակ հոգսն ու դարդն իմ ամուսնու առողջությունն է։ Եթե ամուսինս բուժվի, մենք նորից ձեռք ձեռքի կտանք, նորից ոտքի կկանգնենք»։

Թամար Տումպալեան-Թիթիզեանը  և իր ընտանիքը Հայաստանը լքելու մասին չեն մտածում։ Չնայած՝ պետությունը իր միակ պարտավորությունը՝ բնակարանի ձեռք բերման գումարները չի հատկացրել, սակայն, տիկին Թամարը մի քանի տարբերակ դիտարկել է գնելու համար։ Ասում է, որ Նոր Խարբերդում 12 մլն դրամ արժեքով տուն են տեսել, սակայն, պետությունը 10 մլն դրամ է տալու։ Տիկին Թամարը մտածում է՝ վարկ վերցնել, պակասը լրացնել, միայն թե պետությունն այս անգամ էլ տեղահանվածներին միայնակ չթողնի։ «Ցավ ա, տնից-տեղից զրկվի արի ուրիշ կյանք սկսիր, դժվար ա, շատ դժվար ա։ Լիբանանում տունը քանդեցին, եկանք Արցախ, որ լավ կյանքով ապրենք, ապրեցինք․․․ հիմա էլ այնտեղից դուրս։ Կյանքը զրոից պետք է սկսենք»։

Բնակարանի ձեռք բերման գումարը ուշացնելու համատեքստում տիկին Թամարը հիշում է, թե ինչպես Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը գույքը չվնասելով Աղավնոն լքելուն կոչերին զուգահեռ նաև ասել, թե ցանկանության դեպքում կարող են մնալ և ապրելու թշնամու հետ։

«Խանումյանը եկավ ասաց, եթե ուզում եք մնալ ազերի հետ ապրել, մնացեք՝ ապրեք։ Ո՞նց կարող ես ապրել, մի րոպեում քեզ կմորթեն, մի կողմ կդնեն, չունես զենքերը, որ պաշտպանես»,-ասում է Թամար Տումպալեան-Թիթիզեանը։ Նրանք պետությունից առայժմ որևէ օգնություն չեն ստացել։

Պետությունը դեռ չի փոխանցել 40 հազար դրամ սոցիալական աջակցությունը՝ չնայած, որ նրանք Աղավնոյից հեռացել են օգոստոսի 15-ին։ Թե ինչպես են տեղահանվածներն ապրելու կես ամիս առանց գումարի, պետությունն, ըստ երևույթի, հարկ չի համարել այդ մասին մտածել։ Ի դեպ, այդ աջակցությունն էլ տրվելու է մինչև 2023 թվականի հունվար ամիսը։     Տեղահանված ընտանիքը հիմա սնունդ ու դեղորայք է գնում Կարմիր Խաչի՝ Աղավնոյից գույքը տեղափոխելու համար տրված 250 000 դրամով։ Տիկին Թամարն ասում է՝ դա էլ իրենց ձեռքում չէր մնա, եթե բարերարներն անվճար գույքը Հայաստան տեղափոխելու պատրաստակամություն չհայտնեին։

Տումպալեան-Թիթիզեան ընտանիքն Աղավնո էր տեղափոխվել 2017 թվականին՝ Լիբանանից, հայրենիքում ապրելու ցանկությամբ։ Տիկին Թամարի ամուսինը դպրոցում համակարգչային օպերատոր է աշխատել, իսկ ինքը գյուղատնտեսական աշխատանքեր է իրականացրել, պատերազմից հետո աշխատել է գյուղում բացված հացի արտադրամասում։ Այգին էլ լավ բերք էր տալու, բայց․․․

«․․․բայց ոչ մեկ չկարողացավ ոչ մի բան հավաքել։ Այս տարի ծառերի վրա, բոլոր գյուղացիներն, առատ բերք ունեին, ոչ մի տարի այսպիսի բերք չէր եղել, թափում էր ծառերի վրայից, ահավոր շատ բերք էր»,-ասում է տիկին Թամարն ու հույս հայտնում մի օր կրկին Աղավնո վերադառնալու և իրենց տանն ապրելու մասին։

Թամար Տումպալեան-Թիթիզեանի ամուսինը 2-րդ խմբի հաշմանդամություն ունի, ամեն օր ընդունում է թանկարժեք դեղորայք, իսկ նրանց անչափահաս երեխան մի քանի օրից հաճախելու է դպրոց։ Ընտանիքը սոցիալական աջակացության կարիք ունի։ Օգնել ցանկացողներին խնդրում ենք զանգահարել՝ 077 50 19 24 հեռախոսահամարով։

Նարեկ Կիրակոսյան