ՏԻՄ ընտրությունների կմասնակցի 27 կուսակցություն և դաշինք

64

2022 թվականի օգոստոսի 26-ին լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը:

Ինչպես  տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Հայաստանի 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն եւ 12 կուսակցությունների դաշինք:

Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից  տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է 14 կուսակցություն եւ 12 կուսակցությունների դաշինք: Մերժվել է միայն Արգածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում առաջադրված Նժդեհյան ցեղակրոն կուսակցության գրանցումը, քանի որ բացի դիմումից կուսակցությունը որեւէ փաստաթուղթ՝ այդ թվում ընտրական ցուցակ, չի ներկայացրել:

2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝

1 թեկնածու 2 համայնքում – Ջրվեժ, Ճամբարակ.

2 թեկնածու 3 համայնքում – Տաշիր, Ակունք, Արենի.

3 թեկնածու 7 համայնքում – Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ

4 թեկնածու 3 համայնքում – Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան.

5 թեկնածու 1 համայնքում – Թալին.

7 թեկնածու 1 համայնքում – Սիսիան:

Ալագյազ համայնքի մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությունների թեկնածուների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչեւ օգոստոսի 26-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն, իսկ գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչեւ օգոստոսի 31-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն:

ԿԸՀ–ն կրկին  տեղեկացնում է՝

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցերը, անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը եւ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ www.elections.am: