«Չես կարող հանգիստ լինել, որ քո տանը թուրք է ապրելու»․ Աղավնոյում տունն այրած երիտասարդ

179

Հայկական Աղավնոն օգոստոսի 23-ի օրվա երկրորդ կեսից արդեն ամբողջությամբ հայաթափված էր։ Չնայած, որ գյուղն Ադրբեջանին էր հանձնվելու օգոստոսի 25-ին, սակայն, բնակիչներին պարտադրել են երկու օր շուտ լքեն իրենց տները։ Վերջին ընտանիքը գյուղից հեռացել է երեկ՝ մինչև կեսօր։

Աղավնոյից հեռացողները հասցրել են շուրջ մեկ տասնյակ տուն այրել, որ թշնամուն բաժին չհասնի։ Առաջին տունն այրվեց օգոստոսի  14-ին` 31-ամյա Արամ Իսախանյանի կողմից։  Արամը սեփական  տունն այրելու որոշումը հեշտ չի կայացրել։

«Սկզբում մտածում էի՝ հայրական տուն է, պատմություններն էի հիշում, մեր ուրախ օրերեը, մանկությունը․․․ Չես կարող քո մեջ հանգիստ գտնել, որ քո տանն ապրելու է թուրքը։ Մտածելով, որ քո երեխայի քնած սենյակում թուրքը պետք է քնի-ելնի․․․ Այդքան թագավոր տղեք զոհվեցին, մենք տո՞ւն ափսոսանք, ափսոսաս ինչի՞ համար»,-ասում է Արամը։

Տունն այրելուց հետո, Արամնն Աղավնո չի գնացել։ Ապրումները ծանր են եղել, թեև երեկ Աղավնոյին վերջին հրաժեշտը տալ ցանկացողներին Արցախի ոստիկանությունը թույլ չի տվել գյուղ մտնել։   «Կյանքում չէի մտածի, որ իմ տունը կայրեմ»,-ասում է Արամն ու ավելացնում․ «Այրելու վիդոները, որ նայում եմ՝ ուրախանում եմ, որ այդ տները չի մնալու թուրքին, բայց ամեն մի գործողությունն ինձ համար գժվելու քայլ է, որովհետև ով վառում է ու վիդոն գցում, ես բոլորին ճանաչում եմ, տարիներով ապրել ենք՝ մի ընտանիքի պես»։

Որ ստիպված է եղել տունն այրել ու հարազատ գյուղը լքել, Արամը ստեղծված իրավիճակի համար իշխանություններին է մեղադրում։ «Իրենք են այս ամեն ինչի հեղինակը, մեղավորությունն իրենց վիզն է՝ ղեկավարության։ Իրենք, եթե թելադրում են՝ տունը մաքրի, դուռքը՝ փակի, ոչ մի բանի ձեռք չտաս, որ ինչ է՝ սերտիֆիկատ պիտի տանք, չհաշվելով մարդկանց հոգեական ապրումները, մարդկանց կյանքը։ Աղավնոյում մարդկանց մազերը ապրումներից սպիտակել է, իրենք այդ ամենի վրա թքած ունեն»,-ասում է տեղահանված Արամը, որի հետ Աղավնոն լքել են նաև կինն ու անչափահաս երկու որդիները։

Արամի և Աղավնոյի մյուս բնակիչների համար անհասկանալի է, թե ինչու գյուղը հանկարծակի մի քանի օրում որոշեցին հանձնել թշնամուն, երբ բարձրաստիճան պաշտոնյաները նշում էին, որ դեռ 1,5 տարի ժամանակ կա։

«Իրար վրա են գցում, ոչ մեկ բան չի ասում։ Ժողովուրդն ուզում է բարձրի հետ հանդիպի՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Արայիկ Հարությունյանը գալիս է քցում է ռուսի վրա, էն մեկը գալիս է ուրիշի վրա է գցում, ոչ մեկ չի կարողանում կոնկրետ պատասխան տալ։ Ասում էին՝ հույս ունենք գյուղը մնալու է, այդ ուղղությամբ աշխատում ենք։ Հիմա էլ հանում են գցում են քուչեքը, գնա՝ ոնց ուզում ես ապրի»։

Պետությունն Աղավնոյի, Բերձորի և Սուսի տեղահանված բնակիչներին մինչև 12 մլն դրամի սերտիֆիկատ է տալիս՝ տուն գնելու համար։ Արամն ու իր ընտանիքը զրկվել են պետական ծրագրից։ Պատճառն, ըստ Արամ Իսախանյանի, իր կողմից տունն այրելն է եղել։ Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից  ընտանիքի հետ կապ են հաստատել, Արամի կնոջն առաջարկել են գնալ նախարարություն և դիմում գրել, թե ամուսինն ինչ-որ ազդեցությունների տակ է տունն այրել, որ պետական ծրագրերում ընդգրկվեն, սակայն, հրաժարվել են։

Արամն այժմ ընտանիքի հետ վարձով բնակվում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում։ Աղավնոյից հեռացել է ավելի վաղ, երբ դեռ գյուղն այպես՝ հրատապ կարգով, Ադրբեջանին հանձնելու մասին անհայտ էր։ Արամը փոխանցեց, որ իր համար տուն գնելու պատրաստակամություն է հայտնել նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է «Դոգ» մականվամբ։

Նարեկ Կիրակոսյան