Օրերս 69- ամյա բժշկուհի Սվետլանա Դանիելյանը վերջին երկու տարում տեղահանվեց երկրորդ անգամ: Մեկ տարի է, ինչ նա  Աղավնո գյուղի բժշկուհին էր: Դրանից առաջ 12 տարի աշխատել էր Բերձորում:

«Երկրորդ անգամ եմ տեղահանվում: Բերձորից եմ տեղահանվել, հետո վերադարձել եմ Աղավնո, հիմա էլ նորից… ես մտածում էի, որ արդեն այնտեղ կմնամ, կապրեմ, բայց դա տեւեց ընդամենը մեկ տարի: Մինչեւ վերջին պահը սպասում էինք, որ լավ լուր կլինի, որ գյուղում հնարավոր կլինի մնամ, բայց եղավ այն, ինչ եղավ: Ես Աղավնոյի ամբողջ բնակչության բժշկուհին էի… »,- ասում է Դանիելյանը:

Այժմ կինը վարձով ապրում է Դիլիջանում` որդու հետ: Նրա խոսքով, Աղավնոյից իրերը հանելու եւ Դիլիջան տեղափոխելու բեռնատարի վճարը ստացել էին Կարմիր խաչից:

Սվետլանա Դանիելյանը իր որդու հետ Բերձոր էր տեղափոխվել Նոր Հաճնից` 2008թ-ին. «Տասներկու տարիների ընթացքում թոռներս էլ ծնվեցին, լավ ապրում էինք: Հիմա Դիլիջանում որդուս հետ եմ, ընտանիքը Նոր Հաճնում է, որովհետեւ դպրոցահասակ են, առանց այն էլ երկու տարում երեք դպրոց են փոխել»:

Խոսելով պատերազմից առաջ իր կյանքի ու աշխատանքի մասին, բժշկուհին հիշում է, որ  2019-ի դեկտեմբերին բացվել էր Քաշաթաղի շրջանի բուժմիավորումը, որը սպասարկում էր ամբողջ Քաշաթաղի բնակչությանը եւ որ նման հիվանդանոց ոչ մի շրջկենտրոն չուներ. «Եւ մանկաբույժ ունեյինք, եւ թերապեւտ, եւ գինեկոլոգ եւ այլն: Շատ լավ էինք աշխատում եւ բոլորը գոհ էին: Հետո սկսվեց պատերազմը: Ամբողջ պատերազմի ընթացքում հիվանդանոցը աշխատեց, մինչեւ վերջին օրը: Առաջին օրից այնտեղ հերթապահություն ենք արել: Մեզ երկու զինվորական բժիշկ էին կցված, հիմնական գործը վիրավորների հետ իրենք էին անում, իհարկե, մենք էլ օգնում էինք ինչքանով որ հնարավոր էր, այդտեղից ուղարկում էինք հոսպիտալներ: Հետո դեկտեմբերի սկզբին այն, բնականաբար, փակվեց: Բժիշկներից ոմանք տեղափոխվեցին Երեւան, մյուսները Գորիս եւ այլ քաղաքներ: Անցած տարվա օգոստոսի 25-ին ինձ առաջարկ եղավ եւ ես գնացի Աղավնո: Գյուղում միայն ես էի բուժում: Ընտելանալու խմնդիր չկար, քանի որ գյուղը Քաշաթաղի շրջանի մեջ էր, մեր գյուղերից մեկն էր, ես էլ համարյա բոլորին ճանաչում էի»:

Բժշկուհին ասում է` շատ է անհանգստանում այն մարդկանց համար, ովքեր դեռ չեն հեռացել Աղավնոյից, սպասում է բոլորի ապահով հեռանալու մասին լուրերին, նաեւ նշում է, որ վերջին մեկ տարում գյուղի ճակատագրի մասին մտահոգությունները շատ էին. «Վտանգը միշտ էլ զգում էինք: Ճանապարհը անցնում էր գյուղի հենց վերեւով, նրանց մեքենաները որ անցնում էին, մենք իրենց էինք տեսնում, նրանք մեզ էին տեսնում: Այդպիսի վիճակ էր»:

Խոսելով իր անելիքների մասին, տիկին Դանիելյանը ասում է. «Չեմ կարծում, որ արդեն կարողանամ իմ աշխատանքով զբաղվեմ: Ես թոշակառու եմ, գյուղում իմ կարիքը կար, աշխատում էի, այս տարիքում այլ տեղ այլեւս հնարավոր չի լինի աշխատանք գտնել: Բացի դա, մտքով դեռ Աղավնոյում եմ, դժվարանում եմ իմ ապագա կյանքը պատրերացնել»:

Անի Գևորգյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest