2021 թվականին ճանապարհից զրկված Բարձրավանում իրենց գյուղի անվտանգության ու սոցալական խնդիրների վերաբերյալ լուծումներ են ակնկալում լսել Նիկոլ Փաշինյանից։ «Բա ես իմանո՞ւմ եմ՝ էս խնդիրները ոնց են լուծվելու, որ քեզ ասեմ։ Մեկ-մեկ էն տելեվիզրն է չեմ կարողանում լսեմ, տեսնամ Փաշինյանն ինչ է ասում, մնում եմ նիգյարան, ուզում եմ լսեմ՝ ինչ է լինելու, բայց լսողության հետ կապված խնդիր ունեմ, չեմ լսում»,-ասում է բարձրավանցի 94-ամյա մի կին։

Երևանում, սակայն, ոչ միայն Բարձրավանի, այլև Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրների լուծման մասին ոչինչ չի ասվում։

Սյունիքի մարզի այս համայնքը անցած տարվա նոյեմբերից Որոտանի ու Շուռնուխի հետ զրկվեց աշխարհին կապող հիմնական ճանապարհից։ 44-օրյա պաըերազմից հետո ադրբեջանական զինուժն առաջ եկավ ու օկուպացրեց Գորիս-Կապան ավտոճանապարից 21 կմ մի հատված, որը հնարավորություն էր տալիս հասնել նշված գյուղեր։ Բարձրավանը Գորիսին ու Կապանին կապող ճանապարհի շինաշխատանքերը դեռ 2021 թվականի նոյեմբերից է սկսվել, սակայն, դեռ չի ավարտվել։

Բնակիչները կողմ են թեկուզ գրունտային ճանապարհին։ «Մարդիկ անխնա աշխատում են, անձրևին, ցեխին աշխատում են, մենք ենք տեսնում, որակաով են կառուցում»,- ասում են Բարձրավանում և լրացնում․ «Ասֆալտի մասին խոսք չկա, բայց ասում են կանեն»։

Բարձրավան տանող ճանապարհը

Ճանապարհաշինություն հետևանքով վնասվել է Բարձրավանը ջրով սնուցող հիմնական խողովակը։ «Խնդիրը ջրի հարցն է։ Այս ճանապարհը, որ գցում են ջրի շլանգը հանել են, ջուր չունենք, նասոս ենք բերել, որ կարողանանք գոնե խմելու ջուրն ապահովենք»,-նշում են բնակիչները, որոնք մտահոգված են նաև ոռոգման ջրի խնդրով՝ այգիները չեն կարողանում ջրել։

Ասֆալտապատ ճանապարհից զրկված բարձրավանցիները կորցրել են նաև կանոնավոր տրանսպորտից օգտվելու հնարավորությունը։ Գյուղ կարելի է հասնել միայն գրունտային ճանապարհով, որը հարմար է միայն ամենագնացների համար։ Պետությունը Բարձրավանին մի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է հատկացրել, որ գոնե կարողանան հասնել Գորիս ու առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել։ Սակայն, օրեր են լինում, որ «Ուրալը» գյուղ չի գալիս։

«Մի կերպ են քաղաք գնում, եթե սեփական ավտոմեքենա չկա։ «Ուրալ»-ով էինք քաղաք գնում, հիմա չկա, սպասեցինք չեկավ։ Հարևաններին խնդրելով, թե իրենց մեքենաներով ստացվի, մեկը մեկը մեկին օգնելով գնում են։ Խանութ չունենք, առևտուրն էլ է Գորիսից»,-պատմեցին գյուղում։

Բարձրավանը դատարկվում է, տները՝ փլուզվում։ Կիսավոր տները գյուղում շատ են։  Միայն անասնապահությամբ և հողագործությամբ առօրյա խնդիրները հոգալ չի լինում։ Բնակիչները նշում են, որ արտագաղթողները շատ են։ Հիմա Բարձրավանում մի քանի տասնյակ ընտանի է ապրում։ Հնար, որ լինի իրենք էլ կհեռանան։

Բարձրավան երկար տարիների դադարից հետո երիտասարդ մի ընտանիք է տեղափոխվել՝ այն էլ ճարահատված։ Նրանց տունը GPS-ով մնացել է թշնամուն անցած Շուռնուխում։

«Թոռնիկս Շուռնուխում էր բնակվում։ Փող ենք տվել տուն առել, մի էդքան էլ ծախսել ռեմոնտ արել, բայց ով կպատկերացներ, որ վիճակն այս կլինի, ճանապարհի ներքևն է եղել, անցել է թուրքերին»,-պատմեց տնից զրկված տղայի տատիկն ու հավելեց․ «Պահանջել են տունը ազատել հենց այն օրը, երբ կինը ծննդաբերում էր։ Մի օրում դատարկեցինք, դուրս եկանք»։

Բարձրավանին ամենամոտ քաղաքը 33 կմ հեռավորության վրա գտնվող Գորիսն է, իսկ ահա թշնամին ընդամենը 8 կմ հեռավորության վրա է։ «Էլ ինչից վախենանք, ոնց որ քարասիրտ ենք դարձել, վախիչ չենք։ ․․․ Ես վախենում եմ Շուռնուխի բնակիչների համար, Որոտանի համար, որ այդքան շատ մոտիկ են, մենք ինչ-որ չափով մենք հեռու ենք, բայց սահմանամերձ ենք դարձել։»,-ասում են Բարձրավանում։

Բարձրավանցիները ոչ թշնամուց են վախենում, ոչ ստեղծված անհարմարություններից են դժգոհում, միայն, թե ցանակնում են զգալ, որ իրենց կողքին պետություն կա կանգնած։ Գոնե երիտասարդների համար աշխատատեղեր են ակնկալում կառավարությունից, որ վերջին մի քանի ընտանիքն էլ չլքի համայնքը։

«Աշխատատեղեր են պետք։ Ջահել ընտանիքները դուրս են գալիս՝ աշխատանքի համար, չեն կարողանում իրենց երեխաներին ապահովել։ Էդ հողագորություն, անասնապահություն, դրանով լրիվ հարցերը չեն լուծվում։ Գյուղում մարդ չի մնասցել, մի քանի ընտանիք են մնացել»,-մտահագված է ավագ սերունդը։

Բարձրավանի երիտասարդներից հողագործությամբ զբաղվող Արգամը

դժգոհ է ցորենի բերքից։ Վնասներ է կրել, դիզվառելիքը թանկ է, հացահատիկը՝ էժան։ «Գյուղացու կողմը կանգնող չկա։ Էսօր սայլարկան թանկ է։ Էն մի դաշտ, որ նոր անցար, ցորենի կեսը փչացած է, գյուղացին ի՞նչ անի»,-ասում է նա։

Ադրբեջանցիների ու թուրքերի հետ խաղաղության դարաշրջան բացելու մասին լուրերը Երևանից շուրջ 280 կմ հեռավարության վրա գտնվող Բարձրավան էլ են հասել։ Լսել են, բայց չեն ցանկանում թշնամիների հետ որևէ շփում ունենալ։ «Իրար հետ ապրելն անհամատեղելի է, գուցե մեզնից հետո եկող սերունդը կարողանա, բայց մեզ հետ հնարավոր չէ, շատ բան ենք տեսել, ականատես եղել, այս սերունդը դրան չի կարող դիմակայել»։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութը պատրաստվել է Կովկասի ինստիտուտի աջակցությամբ՝ «‎Պատերազմի, հակամարտությունների և անվտանգային հիմնախնդիրների լուսաբանման ներուժի զարգացումը հայաստանյան լրատվադաշտում․ ԱՄՆ-ի փորձի ուսումնասիրություն»‎ ծրագրի շրջանակներում։ 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest