Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանը յոթ տարի ծառայել ու զոհվել է Հադրութում

90

Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանը պատերազմի օրերին Արցախում էր։ Հոկտեմբերի 20-ին ջոկատը Հադրութից կանչ է ստանում ու մեկնում այնտեղ։ Այդ ժամանակ Հադրութն արդեն գրավված էր, որի մասին, սակայն, նրանց չի ասվել։

«Իրենք տեղյակ էլ չեն եղել այդ մասին։ Այստեղից էր հարցնում՝ ինչ են ասում, ինչ են որոշում»։

Անդրանիկի ծառայության յոթ տարիներն անցել են Հադրութում։

«Շատ դաժան էր ինձ համար, որ որդիս Հադրութում պետք է ծառայեր։ Սարսափի մեջ էինք, չէի ուզում՝ որդիս այնտեղ աշխատեր։ Հենց այդ պահից ծանր ապրումներ ունեցա։ Ինձ թվաց՝ այդ պահից կորցրի իմ որդուն»,-պատմում է մայրը՝ տիկին Սուսաննան։

2005 թվականին ամուսնացել է, ընտանիքով Հադրութ տեղափոխվել․

«Սահման գնալիս իր հետ սահման էինք պահում։ Դժվար օրեր ենք ապրել»։

Քսան տարի անց ծառայությունը երկարացրել է, որ ևս երեք տարի ծառայի։ Աշխատել է Երեվանի Նուբարաշեն համայնքում, ապա խաղաղապահ՝ Աբովյանում։

«Սեպտեմբերին սկսվեց պատերազմը։ Իր զորքով գնաց, գումարտակի հրամանատար էր։ Ինձ չէր ասում, որ Ղարաբաղում է։ Խաղաղապահների գնդով Ղարաբաղի տարբեր հատվածներում է ծառայել։ Երեք օր շրջափակման մեջ են եղել, բայց ինձ ոչ մի բան չեն ասել։ Քանի հարյուր կիլոմետր քայլելով՝ զորքին դուրս է բերել շրջափակումից»։

Որդու հետ կապը միշտ եղել է՝ բացի շրջափակման օրերից։ Վերջին զանգը հոկտեմբերի 20-ին է եղել։

«Զանգեց Անդաս՝ մամ ջան, մենք շատ լավ ենք, ամեն ինչ շատ նորմալ ա։ Մամ ջան, դու քեզ լավ նայի, երեխեքիս լավ կնայես։ Ես չպատկերացրի, որ ինքը հրաժեշտ էր տալիս էտ պահին։ Ասում եմ՝ բալես, դու քեզ լավ նայի, մենք տան մեջ ի՞նչ կա ստեղ, որ ես ինձ լավ նայեմ, դու քեզ լավ նայի, գիտես, որ քեզանով ենք ապրում։ Ու չխոսեցինք»։

Հաջորդ օրը զանգ չեկավ։ Զանգեցին շատ տեղեր, սակայն լուր չկար։ Իմացան, թե վիրավոր է․

«Խելագարվեցի, ողբում եմ, ասեցի՝ փառք քեզ, տեր Աստված, թեկուզ վիրավոր, գոնե տուն կգա իմ բալեն։ 35 օր տառապանքով, աղի արցունք թափելով ապրել ենք, սպասում էինք, որ կգտնենք։
Փոքր տղաս՝ Սամվելը գիտեր, որ չկա եղբայրը։ Քանի անգամ գնաց Ղարաբաղ, չէին կարողացել այդ հատվածը մտնել, թուրքի ձեռքի տակ էր։ Ամեն օր ասում էր՝ մամ ջան, ոչինչ, կգտնենք։ Հույսով ապրեցինք։ 35 օր անց Կարմիր Խաչի օգնությամբ՝ դուրս բերվեց մարմինն այդ տարածքից»։

Մայրը չէր հավատում, որ որդուն նման բան կպատահի, ասում է՝ իր անդրանիկ զավակը շատ հզոր էր, շատ ուրախ, բոլորին հասնող ու հարգող։ Զինվորների հետ շատ մտերիմ էր։ Բացի այդ՝ տեղանքին շատ ծանոթ էր, յուրահատուկ քարտեզ գիտեր, բոլորն իրեն էին ասում՝ քարտեզ գծի մեզ բացատրի։ Իր գործը սիրող էր։

Անդրանիկը քառասուն և ավելի մեդալներ ունի, նաև Վազգեն Սարգսյանի և Սերյան Օհանյանի կողմից, «Մարտական խաչով», սակայն, չի պարգևատրվել։

Մայրիկի սիրելի Անդան տուն էր գնել Երևանում, բայց ոչ մի օր չապրեց այդ տանը․

«Կարոտով մնաց և՛ ընտանիքին, և՛ ծնողներին, և՛ տանը, և՛ ամեն ինչին»։

Քնարիկ Վարդանյան

Աստղիկ Գաուդյան

Ժաննա Ալեքսանյան