«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը՝ զոհված։ Տասը փրկվածները տարհանվել են հրդեհի բռնկումից հետո առաջին երկու ժամերի ընթացքում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքներին այս օրերին ներգրավված է եղել 935 փրկարար ծառայող, որից 350-ը՝ հենց նույն օրը, կիրառվել է 60 տեխնիկա։
«Ներկա պահին 16 դիերից ճանաչված ու նույնականացված է 15 անձի ինքնությունը, մեկ դի համարվում է չնույնականացված։ Ներկա պահին մենք հայտարարում ենք, որ ոնենք երկու անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին այդ անհետ կորածների շարքում է։ Այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի անուն-ազգանունը մենք ունենք։ Մաքրել ենք տարածքի 90 և ավելի տոկոսը և մոտեցել ենք ենթադրվող էպիկենտրոնային գոտուն և այդտեղ իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ։ Ներկա պահին ունենք մի փոքր բարդություններ կապված փլուզումից հետո առաջացած կոնստրուկցիաների, կախված սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք և փորձում հնարավորինս անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար։
Վերջին դին հանվել է հրդեհից 42 ժամ անց, հրդեհի բռնկումից 5 ժամ հետո հրդեհը համարվել է կառավարելի, 49 ժամ անց տվել ենք մեկուսացում, 53 ժամ անց՝ ամբողջական մարում։ Ներկա պահին կատարվում են միմիայն հովացման աշխատանքներ։ Դեպքի վայրից տարհանվել է 25 տրանսպորտային միջոց, մեզ օգնության ձեռք են մեկնել Կարմիր խաչի 201 փրկարարներ և հոգեբաններ, ՈՄԱ կազմակերպության 132 կամավորներ և 250 այլ կամավորներ»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ այս պահին կանխավարկածն այն է, որ փլատակների տակ կա մեկ մարմին, բայց քանի որ այդ անձը գտնվել է էպիկենտրոնային գոտում, բավական բարդ է լինելու նրան հայտնաբերելը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: