Նորակոչիկ Հենրիկ  Հակոբյանը Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագն էր, իր մարզաձեւում հասցրել էր գրանցել բազմաթիվ հաջողություններ: 2020ին նա զորակոչվել էր բանակ, ծառայում էր Մարտակերտում որպես ականանետորդ: Նա եղել է պատերազմի առաջին զոհերից: Հայտնի է, որ առաջին գիշերը թշնամու ԱԹՍ-ն հարվածել է զինվորներ տեղափոխող ավտոբուսին, որի մեջ եղել է նաեւ Հենրիկը: Որդու զոհվելու մասին ծնողներն իմացել են դեպքից մի քանի օր անց:

«Պատերազմի հենց առաջին օրը զոհվել է ԱԹՍ հարվածից: Այրվել է որդիս…»,- ասում է Հենրիկի հայրը`  Համիկ  Հակոբյանը (անձնագրով` Գուրգեն- հեղ.): Նրա խոսքով, մինչ բանակ մեկնելը որդին հասցրել էր եւ իրեն օգնել եւ աշխատել.«Հիլս համալիրում աշխատում էր որպես փրկարար: Եւ իմ օգնականն էր, եւ իմ ընկերն էր… Ճանաչելի չի եղել: Դեպքից քսան օր հետո ԴՆԹ-ով հաստատվեց, որ ինքն է: Իրան շատերն էին ճանաչում: Հիլսի Հենո էին ասում, որովհետեւ 15-16 տարեկանում աշխատում էր այնտեղ»:

Զոհված զինծառայողի հայրը ի հիշատակ որդուն ջրագնդակի ակումբ է բացել, որը կոչել է Հենրիկի անունով: «Ակումբ ստեղծելու ծրագիրը հենց որդուս հետ եմ ունեցել, որ մենք պետք է ջրագնդակի մեր ակումբն ունենանք: Երազել ենք միասին դա ստեղծելու մասին, բայց ցավոք որդիս գնաց, իմ ուսերին թողեց այդ խնդիրը: Նրա մահից հետո արդեն որոշումը կայացրեցի»:

Համիկ Հակոբյանը նաեւ Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարի սկիզբ է դրել: Մրցաշարը տեղի է ունենում  Հենրիկի ծննդյան օրը՝ հունիսի 17-ին։

Զոհված զինծառայողի հայրը բացի նշված  աշխատանքից կատարում է եւս մեկը` մարզում է ջրագնդակի պալաօլիմպիկ թիմի տղաներին, որը հենց ինքն է ձեւավորել` Զինվորի տան հետ համատեղ: Թիմը բաղկացած է 44-օրյա պատերազմի ժամանակ եւ ծառայության ընթացքում վիրավորում ստացած տղաներից:

Հակոբյանի  խոսքով, ընդամենը 3 ամսում Զինվորի տան տղաները ոչ միայն լողալ են սովորել, այլեւ ջրագնդակի լիարժեք թիմ են կազմել։ Մարզիչն ասում է` վիրավոր տղաները կամքի ուժի, մոտիվացիայի պակաս չունեն ու սովորել են գնալ երազանքների հետեւից։

«Ի հիշատակ իմ որդու իմ դրած խաչքարը իմ աշխատանքն է: Հիմա աշխատում եմ տղաների հետ ու ամեն մեկի մեջ Հենոին եմ տեսնում: Այս ամենը ոչ միայն թող բերի իմ տղայի երազանքների իրականացմանը, այլ նաեւ վիրավոր տղաներին ուժ ու առողջություն բերի»,- ասում է որդուն կորցրած մարզիչը եւ նշում, որ պարաօլիմպիկ թիմն այժմ պատրաստվում է մրցաշարի:

Անի Գևորգյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest