«Սուրմալու»-ում պայթյունի զոհերի թիվը հասավ 16-ի

73

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 58-ամյա Միսակ Պատվականի Մարգարյանի, 54-ամյա Անահիտ Վազգենի Մխիթարյանի, 62-ամյա Ջեմմա Սարգսի Նազարյանի, Անահիտ Զարզանդի Խալաթյանի, Վարդան Գուրգենի Քոչարյանի, 56-ամյա Գայանե Արտավազդի Ավետիսյանի և անձը չպարզված 10 քաղաքացու դիերը։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ զոհերի թվում են մեկ մանկահասակ երեխա և հղի կին:

Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, ասված է հաղորդագրությունում:

Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ԱԻՆ-ը նշում է նաև, որ այս պահի դրությամբ անհետ կորած կարող է համարվել 18 անձ:

Երեկ ուշ երեկոյան հայտարարվել էր 23 անհետ կորածի մասին, այդ թվում՝ Իրանի 6 քաղաքացի, սակայն ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ Իրանի դեսպանության ներկայացուցիչը փոխանցել է, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։