«Որ իրեն ճանապարհում  էի, զգացի, որ իմ բալին էլ չեմ տեսնելու». Զինվորի մայրը չգիտի, ում բողոքի

2113

2021 թվականի օգոստոսի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում զոհվեց ժամկետային զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հակոբյանը, որն ընդամենը  մի քանի օր առաջ էր դարձել 19 տարեկան: Նա ընտանիքի ավագ որդին էր, ուներ իրենից փոքր երկու եղբայրներ:

Պաշտոնական հաղորդագրությունը մեկ տողով անդրադարձավ միջադեպին. ՙծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը՚: Նաև հաղորդվեց, որ հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

Չոր շարադրանքից այն կողմ հանրության համար անտեսանելին է՝ ընտանիքի ղբերգությունը, որդեկորույս մոր՝ Թագուհի Հակոբյանի  հոգեկան տվայտանքներն են, մեկ տարվա մտորումները որդու ճակատագրի մասին:

Արմանի մահվան գույժը Թագուհուն հաղորդելով և հետագայում զինվորի մորը աշխատել են հանգստացնել, սփոփել, ասելով, որ Արմանը իսկական հերոս է, որ նա իր վրա է վերցրել հիմնական կրակը, ոչնչացրել է թշնամուն, որ  հակառակորդի տված 3-ից 5 զոհը հենց Արմանի ձեռքի գործն է: Նույնիսկ տեսաերիզներ են ցույց տվել մորը, որտեղ երևում է, թե ինչպես է Արմանը թուրքերի հետ ձեռնամարտի բռնվել ու ասել են. ՙՏեսեք, ձեր հերոսն ինչ կռիվ ա անում՚:

Օգոստոսի 10-ին՝ Արմանի ծննդյան օրը հայրենի Թալինում, Արմանի բակում տաղավար ու ցայտաղբյուր են տեղադրել նրա հիշատակին: Հետմահու պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, պատվոգրով, որի գլկագրում գրված է. ՙՀայրենիքի սահմանների պաշտպանության համար մղված թեժ մարտերում մեր ապրելու իրավունքն իր կյանքով ամրագրելու և դարպասներն անառիկ պահելու համար»:

Արմանի մայրը մեդալ բերողներին ասել է. «Եթե լավ բան է, ամեն մեկդ մի հատ տարեք ձեր տուն»։ ՚Հնչել է անեծքի նման, բայց Թագուհին չի փոշմանում: ՙԼավ եմ արել, որ ասել եմ, ասել եմ, որ ծնողին հասկանան՚:

Թագուհի Հակոբյանը ոչ մի կերպ չ ի կարողանում ազատվել այն մտքից, որ Արմանի հանդեպ անարդար են եղել: Նախ՝ 2021 թվականի մարտի 24-ին Վարդենիսի Զոդի զորամաս զորակոչվելուց մոտ մեկ ամիս անց՝  մայիսի 12-ին որդուն տարել են դիրքեր․

ՙ«Մեկ ամսվա զինվորին ո՞նց կարելի է առաջնագիծ տանել: Չ՞է որ վեց ամիսը լրանալուց հետո են միայն դիրքեր տանում: Ինչո՞ւ իմ  երեխուն գոնե 5 ամիս չպահեցին» ՚, — վրդովվում է Թագուհի Հակոբյանը:

Դա այն շրջանն էր, երբ հակառակորդը պարբերաբար կրակ էր բացում Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ:

«Այդ ժամանակ թուրքերն արդեն մտել էին էդ տարածք, ու նրանից հետո էլ որդիս մինչև հուլիսի 5-ը մնաց առաջնագծերում՝ Զոդք, Նորաբակ, Կութ, Վերին Շորժա, վերջում՝ հուլիսի 6-ին ՙօտպուսկ՚ տվեցին, եկավ տուն, ես էլ զարմացա, որ երեք ամսվա ծառայողը տուն է եկել: Իսկ որ իմացա, թե ինչ դժվարությունների միջով է անցել, ինչ խառը բաների է մասնակցել, շատ տխրեցի: Հուլիսի 16-ին, որ իրեն ճանապարհում  էի, զգացի, որ իմ բալին էլ չեմ տեսնելու»՚, — պատմում է Թագուհին:

Արման Հովհաննիսյանը ողնաշարի դեֆորմացիա ուներ, որը հարթաթաթության հետևանք էր: Թագուհին համարում է, որ այս ախտորոշմամբ նրան առհասարակ չպետք է տանեին բանակ, և սա երկրորդ անարադարությունն է եղել իր որդու հանդեպ:

«2021 թվականի փետրվարի 18-ին տղաս ստացավ ծանուցագիր, որ ՙգեներալնի կամիսիա՚ պետք է անցներ: Նա հարթաթաթ էր, ողնաշարը ծռված էր, շատ բոյով էր: Մի ամիս նրան տարան-բերեցին, ստուգեցին, հիվանդանոցից հիվանդանոց տարան, վերջը երրորդ աստիճանի հարթաթաթություն ախտորոշեցին ու գրեցին, որ պիտանի է զինվորական ծառայության համար, բայց ծառայելու է սահմանափակումներով»՚:

Թագուհուն խաբեցին, ասելով՝ տիկին, ձեր տղան ծառայելու է սահմանափակումներով, շարային չի կանգնելու, դիրք չի բարձրանալու, զենք չի վերցնելու:

«Ես պատասխանեցի՝ փաստորեն, դուք սանատորիա ե՞ք տանում իմ երեխուն: Մի ամսից  նրան արդեն ՙտագնապ՚ հրամանով բարձրացրեցին դիրքեր: Ինքը անվախ էր, իրա մականունը դրել էին Արծվի  աչք, էնքան հեռատես է եղել իմ տղան: Իրեն ասում էի՝ Արման ջան, բա չես ասո՞ւմ, որ դու հոդվածով ես, որ քեզ դիրքեր են տանում: Ինքը ծիծաղում էր, ասում էր՝ արի, հըլը տես, ինչ երեխեք են այնտեղ, հարթաթաթությունը ի՞նչ ա, դու արի երեխեքին տես: Հիմա եթե այդպես չանեին, տղաս ողջ կմնար, ես չգիտեմ, ում բողոքեմ»՚, — տխուր արձանագրում է զոհվածի մայրը: Որդու մասին նա կարող է խոսել անվերջ:

44-օրյա պատերազմի ժամանակ Արմանը խնդրել է, որ իրեն ռազմաճակատ տանեն որպես կամավոր, բայց  զինկոմիսարիատում մերժել են ոտքերի խնդրի պատճառով:  Պատերազմից հետո զինվորը լրացրեց բացը, լինելով լարվածության նոր օջախներում՝ Սյունիքում և Գեղարքունիքում:

1,5 ամսվա զինծառայող էր, երբ հակառակորդը ներխուժեց Սյունիքի մարզի Սև լճի տարածք: Այստեղ Արման Հակոբյանը ակտիվ մասնակցել է ռազմական գործողությոններին:  Այնուհետև մարտական հերթապահություն կատարելու Վերին Շորժայում և Նորաբակում, որից հետո տեղափոխվել է Կութ գյուղի մոտի դիրքեր:

 

Սյուզան Սիմոնյան