Հրետանավոր սերժանտ Վյաչեսլավ Մուսայելյանը 2020թ-ի հոկտեմբերի 23-ին պետք է նշեր իր 32-ամյակը: Սակայն նրա ծննդյան օրը բարեկամները այցելել են ծնողներին ու ասել են` զոհվել է:
Մուսայելյանների ընտանիքը 1988թ-ին Բաքվից Հայաստան գաղթած ընտանիքներից է, որը այդ ժամանակվանից բնակություն է հաստատել Արարատի մարզի Զորակ գյուղում: «Երբ Բաքվում իրարանցում սկսվեց, մենք գաղթեցինք Հայաստան: Դեկտեմբերի հինգն էր: Որդիս այն ժամանակ քառասուն օրական էր: Ծնվել էր Բաքվում, բայց մեծացավ այստեղ` Զորակում: Մեծացավ ինչպես բոլոր երեխաները»,- պատմում է Իրինա Մուսայելյանը:
Մոր խոսքով, այստեղ ինքն ու իր ընտանիքը իրենց ապահով ու երջանիկ էին զգում, իսկ իրենց երկու որդիները լիարժեք կյանք էին ապրում։ Բանակից վերադառնալուց հետո Վյաչեսլավը սկսել էր ակտիվ օգնել ծնողներին եւ իր վրա է վերցրել ընտանեկան տնտեսության կազմակերպումը. «Մեր տնտեսությունում էինք աշխատում, անասուն էինք պահում: Մեր ղեկավարը ինքն էր, նա էր մեզ հրահանգներ տալիս: Շատ աշխատասեր էր, ինչ աշխատանք կա, անում էր, իր փողերն էր հավաքում: Ամեն ինչ ինքնուրյույն էր անում»:
Պատերազմի մասին Մուսայելյանները իմացել են սեպտեմբերի 27-ի օրվա երկրորդ կեսին, երբ գյուղի խանութներից մեկի մոտ հավաքված մարդիկ միմյանց տեղեկացրել են, որ առաջին զոհերից մեկը իրենց գյուղի թոռ է:
«Սլավան աշխատանքից հետո տանն էր, նրան ասացի, որ այսպիսի բաներ եմ լսել: Սկսեց զանգեր կատարել, մարդկանց հարց ու փորձ անել: Հետո պարզվեց, որ իրեն զինկոմիսարիատ էին կանչել: Նա մեզ չէր ասել ու գնացել էր: Նա հրետանավոր էր: Ասկերանում էր ծառայել: Մեր գյուղի բոլոր հինգ հրետանավորները միասին կանչվեցին ու նրանք մեկնեցին Արցախ: Նախ նրանք ինչ-որ տեղ դասընթացների են մասնակցել, քանի որ իրենց ծառայության ժամանակ ռազմական տեխնիկան այլ էր եւ հիմա նրանք նոր բաներ պետք է յուրացնեյին: Գիտենք, որ այնտեղից նրանց Մարտակերտ են տեղափոխել, այնտեղից էլ Մարտունի: Հրետանավոր ընկերները ռմբակոծել են այն ճանապահհահատվածը, որտեղից թշնամին զինտեխնիկա է հասցրել իր զինվորներին: Տղաների շնորհիվ զենքի մատակակարումը խաթարվում էր, դա էր պատճառը, որ տղաները դարձել են թշնամու ինքնաթիռի թիրախ: Մեզ պատմեցին, որ ինքնաթիռի ձայնը լսելով, տղաները սկսել են վազել, որ անվտանգ տեղում թաքնվեն, սակայն չեն հասցրել: Ինքնաթիռի նետած ռումբի հետեւանքով Սլավան մեջքից վնասվածք է ստացել ու տեղում զոհվել է»,- պատմում է տիկին Իրինան:
Մայրն ասում է, որդուց հետո մնացին նրա բազմաթիվ անկատար երազանքները, իսկ դրանցից գլխավորը ընտանիք կազմելն էր. «Սլավան երազում էր ընտանիք, երեխաներ ունենալու մասին: Բայց անընդհատ ասում էր, մի քիչ էլ սպասեմ, մեր գործերը ոտքի հանեմ, ամեն ինչ կարգավորեմ… դրա փոխարեն բոլորովին այլ բան եղավ»:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: