«Քննչական մարմինը իրականացրե՞լ է 2000 ուսանողի հարցաքննություն։ Իհարկե՝ ո՛չ։ Իրենք էլ իրենց առաջադրած մեղադրանքին չեն հավատում»

60

Օգոստոսի 10-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունը։

Հանրային մեղադրող Մանանդ Ասատրյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի Ավետիք Չալաբյանին գործով մյուս մեղադրյալ` Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ միասին համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին շահագրգռել է ուսանողներին մասնակցել «Դիմադրություն» շարժմանը` առաջարկելով 2 միլիոն ՀՀ դրամ։

Մեղադրանքի վերաբերյալ Ավետիք Չալաբյանը հանդես եկավ իր մեկնաբանությամբ.

«Մեադրանքը իմ և Էմմա Սարգսյանի դեպքում պրակտիկորեն իդենտիկ է: Ես և Էմմա Սարգսյանը մեղադրվում ենք բացառապես նույն հոդվածով: Առաջին օրվանից նախաքննությունը, իսկ հետո՝ դատաքննությունը, շատ տարօրինակ, ասիմետրիկ վերբերմունք է դրսևորել Էմմա Սարգսյանի և իմ նկատմամբ: Էմմա Սարգսյանի նկատմամբ ընտրվել է խափանման մեղմ միջոցներ, իսկ իմ նկատմամբ՝ ամենադաժան միջոցներ: Էմմա Սարգսյանին թույլ է տրվել նիստերին այլևս չմասնակցել, իսկ ես ամեն անգամ ստիպված եմ ոստիկանական մեքենայով մեկ ժամ գնալ-գալ:  Ես ենթադրում եմ, դա ավելի շուտ իմ ներքին համոզմուքնն է, որ դատավճիռը արդեն պատրաստ է և դրված է դատարանի դարակներից մեկում: Այդ դատավճռով նույն տրամաբանությամբ Էմմա Սարգսյանը ստանալու է հնարավոր ամենամեղմ պատիժը, իսկ ես ստանալու եմ հնարավոր ամենածանր պատիժը: Այս հոդվածը հնարավորություն է տալիս մի կողմից մարդուն տուգանել 10.000 դրամ, մյուս կողմից՝ 3 տարով ազատազրկում: Իմ համար պատրաստված է երեք տարի, իսկ Էմմա Սարգսյանի համար՝ 10.000 դրամ:   Եվ դա պարզ է, որովհետև այս ժանրի կանոններով՝ Էմմա Սարգսյանը պատահական մարդ է: Սա դատավարություն չէ՝ «Հայաստանի Հանրապետությունը ընդդեմ Էմմա Սարգսյանի և Ավետիք Չալաբյանի», սա դատավարություն է՝ «Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Ավետիք Չալաբյանի», և Էմմա Սարգսյանը այստեղ պատահական մարդ է»:

Ապա դիմելով հանրային մեղադրողին՝ Չալաբյանը առաջարկեց Էմմա Սարգսյանից հանել մեղադրանքը և ներգրավել որպես վկա՝ հաշվի առնելով, որ նա միայնակ մայր է, ունի խնամքին երեխա, որ առողջական խնդիրներ ունի:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը մեղադրական եզրակացության վերաբերյալ իր մեկնաբանության մեջ նշեց, որ նախաքննության ընթացքում իրենք  միջնորդություն են ներկայացրել՝ հարցաքննելու «Media news» լրատվական կայքի աշխատակազմին․

«Պետք չէ լինել իրավաբան՝  հասկանալու համար հետևյալ պարզ ճշմարտությունը․ եթե մի ձայնագրություն առաջին անգամ հրապարկվել է մի կայքում, ապա աղբյուրը հնարավոր է գտնել՝ առնվազն հրապարակող կայքի հետ խոսելով։ Այստեղ իրավաբանության խնդիր չկա։ Մեր միջնորդությունը հետաձգվել է այն պատճառաբանությամբ, թե եկեք՝ պարզենք, հասկանանք «Media news»-ը իրենից ինչ է ներկայացնում։ Այսինքն՝ նախաքննություն իրականացնող մարմինը նույնպես ընդունել է, որ սա ֆեյք լրատվական կայք է»։

Փաստաբանի խոսքով՝ քննչական մարմինը պարզել է կայքի սեփականատիրոջը, գրավոր հարցում է ուղարկել տնօրենին, սակայն պատասխան չի ստացել։ Քննիչը նույնիսկ ծանուցագիր չի ուղարկել տնօրենին՝ որպես վկա հրավիրելու և հարցաքննելու։

«Մենք ևս մեկ միջնորդություն ենք ներկայացրել՝ հարցաքննելու 2000 ուսանողների»,- ասաց պաշտպանը, ապա ավելացրեց․

«Մենք խելագար չենք։ Մենք ելել ենք Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից։ Քննչական մարմինը իրականացրե՞լ է 2000 ուսանողի հարցաքննություն։ Իհարկե՝ ո՛չ։ Որովհետև նրանք էլ իրենց առաջադրած մեղադրանքին չեն հավատացել։ Փոխարենը՝ մի շարք ծանուցագրեր են ուղարկել Ագրարային համալսարանի ՈՒԽ ինչ-որ անդամների, նրանիցի մեկը կամ երկուսը եկել, ներկայացել են, իսկ մնացածը ոչ էլ եկել են։ Քննիչը հետևողականություն չի ցուցաբերել, որ այդ վկաներին հարցաքննի՝ հասկանալու համար Ավետիք Չալաբյանը երբևէ իրեն կամ միջնորդավորված կերպով նյութական շահագրգռություն առաջարկե՞լ է, թե՞ ոչ։  Եվ հետաքրքիր կլիներ, եթե ուսանողների այդ հարցը տային, թե արդյոք ձեզ նյութական շահագրգռություն առաջարկվել է, նրանք կհասկանայի՞ն՝ դա ինչ հարց է»,- ասաց փաստաբանը։

Նիստի ընթացքում հանրային մեղադրողը հերթով ներկայացրեց ապացուցողական և վարույթային գործողությունների արձանագրությունները:

Հիմնական դատական նիստը իրենից ենթադրում է ապացույցների հետազոտում՝ դատարանում սահմանված կարգով: Այն է՝ ապացուցողական և վարույթային գործողությունների արձանագրություններ, դատավարույթային փաստաթղթերի հետազոտում, վկաների և մեղադրյալների հարցաքննություն:

Հաջորդ նիստը նշանակվել է  սեպտեմբերի 7-ին, ժամը 12:30:

Լուսինե Հակոբյան