Մատաղիսի նախկին հրամանատարը կալանավորվել է, փաստաբանը մեղադրանքը խրթին ու անհեթեթ է համարում

106

ՀՀ քննչական կոմիտեն օրերս կալանավորել է Մատաղիսի զորամասի հրամանատար,  6 -րդ Պաշտպանական շրջանի հրամանատար գնդապետ Սևակ Աբրահամյանին:

Նրան մեղադրանք է առաջադրվել նոր քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն:

ՔԿ ձեռք բերած տվյալներով, նա 2020 թվականի սեպտեմբերի 26-ին շուրջ 100 սպաների մասնակցությամբ խնջույք է կազմակերպել է զորամասի կազմավորման օրվան նվիրված: Ու թեև ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ, որևէ միջոց չի ձեռնարկել:

Մինչդեռ նման պայմաններում, ըստ ՔԿ հաղորդագրության, նա  ՙի պաշտոնե պարտավոր է եղել որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար՚:

Սևակ Աբրահամյանին մեղսագրվող մյուս արարքն այն է, որ  նա հաջորդ օրը ևս դրսևորել է անգործություն, թեև հակառակորդի տանկերն ու  անձնակազմը արդեն առաջ էին շարժվում, և ինքը պարտավոր էր որոշում ընդունել զորամասի անձնակազմն ու միջոցները մարտական պատրաստականության աստիճանի բերելու և վերադասին զեկուցելու:

Որպես հետևանք ՔԿ-ն դիտարկում  է այն, որ սեպտեմբերի 27-ին առավոտյան հակառակորդի զինուժը ճեղքել է  պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքեր, ՙշրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ՚:

Մատաղիսի զորամասի արդեն նախկին  հրամանատարը, ըստ նրա փաստաբան Արման Թամրազյանի, իրեն մեղավոր չի ճանաչում: ՙ«Մեղադրանքը խրթին է և անհեթեթ, որը հնարավոր չէ որևէ կերպ ընդունե»լ՚, — ասում նա:

Փաստաբանը բողոքարկել է կալանքի որոշումը վերաքննիչ դատարանում: Արման Թամրազյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք կարդացել է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը և ինչ տպավորություն ունի այս ամենից:

«Նախաքննական տվյալներ չեմ կարող հրապարակել, սակայն կարող եմ հայտնել, որ չկան այնպիսի գործողություններ, որոնք նա պետք է կատարեր օրենքով սահմանված կարգով, բայց չի կատարել: Իմ կարծիքով, եթե Սևակ Աբրահամյանը կատարեր այն գործողությունները, որոնք ինքը՝ իբրև թե չի կատարել, հակառակորդի և մեր ուժերի հարաբերակցությունն այնպիսին է եղել, որ նկարագրված հետևանքը չէր կարող առաջանար նրա գործողությունների, կամ անգործության հետևանքով՚, — ասաց Արման Թամրազյանը:

Forrights.am-իի հետ զրույցում նա նշեց, որ խնջույքը, որի մասին ասված է ՔԿ հաղորդագրության մեջ, եղել է կարճատև և որևէ ազդեցություն չէր կարող ունենալ մարտական գործողությունների սկսման, դրանք բացահայտելու, կամ կանխելու հարցում: «ՙՉպետք է մոռանալ, որ հարձակումը տեղի չի ունեցել միայն 6-րդ պաշտպանական շրջանի տարածքում: Հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել, և եթե ամբողջ պաշտպանական շրջանում որևէ մեկը նման տեղեկություն չի ունեցել և ավելի բարձր իրենից կանգնած զինվորականները չեն ունեցել տեղեկություն, որ հակառակորդը հարձակման է անցնում, Սևակ Աբրահամյանը  նման տեղեկություն բնականաբար չէր կարող ունենալ՚», — ասում է փաստաբանը:

Ա՞րդյոք Սևակ Աբրահամյանը ունեցել է հրաման Արցախի ՊԲ ղեկավարությունից իր ղեկավարման տակ գործող ստորաբաժանումը առաջին աստիճանի մարտական պատրաստվածության բերելու վերաբերյալ:

Սա նախկին հրամանատարի մեղադրանքի առանցքային հարցն է, և եթե պարզվի, որ  նման հրաման չի եղել, ապա ի՞նչն է խախտել  Սևակ Աբրահամյանը, հայտնի չէ:

Նրա փաստաբանն այս հարցին պատասխանեց հետևյալ կերպ. «Աբրահամյանին մեղադրում են մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, բայց որպեսզի ինքը դրանք խախտեր, պետք է ունենար հրաման, որի պահանջները ինքը չկատարեր: Ես ձեզ ասում եմ, որ չի եղել նման կարգադրություն, հրաման, կամ օրենքով սահմանված նորմ, որը նա խախտել է, նա որևէ անօրինական գործողություն չի կատարել և հանցավոր անգործություն չի դրսևորել՚:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթաննեսյանը նույն հարցին պատասխանեց, որ իր տվյալներով և այն տեսանյութերից, որ նա տեսել է, զորքի բացազատում, որը պարտադիր է, երբ դու պատրաստվում ես պատերազմի, չի եղել.

«Եւ ոչ միայն Մատաղիսի, այլև Մարտակերտի զորամասում: Հարցը, որ պետք է տալ ՀՀ գլխավոր հրամանատարին ու բանակի հրամանատարությանը այն է, թե արդյո՞ք եղել է զորքը բացազատելու /այսինքն՝ զորքը ծավալելու, հետագայում պետք է մարտ իրականացնելու նպատակով- Ս.Ս./ հրաման: Իմ ունեցած տվյալներով և վերլուծութամբ դա չէր եղել, որովհետև եթե նման հրաման լիներ ու օրինակ, նույն Սևակ Աբրահամյանը բացազատված չլիներ, նրան պատերազմի օրերին դատելու էին, ինչպես նաև բոլոր  մյուս հրամանատարներին, ոչ թե նա պատերազմից հետո կոչումի բարձրացում ու նոր՝ ավելի մեծ պաշտոն ստանար»:

Սևակ Աբրահամյանը Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնում փոխարինել է փոխգնդապետ Արմեն Բեժանյանին, որը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին, մարտական գործողությունների ժամանակ:  Պատերազմից հետո նա պաշտոնի բարձրացում ստացավ, նշանակվելով 18-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի պետ:

Սևակ Աբրահամյանը հայտնի է որպես  զորամասը լքած և փախած հրամանատար, որը ռազմական գործողությունների ժամանակ փորձել է ապամոնտաժել ու հետը տանել զորամաս բերված սուրճի ապարատները:

Նախկին հրամանատարի փաստաբանը սակայն վստահեցնում է. Սևակ Աբրահամյանը չի փախել, մինչև վերջին օրը մարտնչել է, վիրավորվել է ու նորից վերադարձել է ճակատ: Սուրճի ապարատների ապամոնտաժման դրվագը փաստաբանին հայտնի չէ:

Սևակ Աբրահամյանի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ կային և քննադատական նյութեր մամուլում, սակայն դատախազությունը երկար ժամանակ քրեական գործ չէր հարուցում, նրա գործունեությունը պատշաճ ձևով չէր ստուգվում:

Մատաղիսի նախկին հրամանատարից հատկապես դժգոհ էին զոհված տղաների ծնողները: Նրանք հրամանատարին մեղադրում են դիրքերը թողնելու ու փախչելու, երեխաներին այսպիսով մահվան դատապարտելու համար:

Աշոտ Զաքարյանի որդին՝  Դավիթ Զաքարյանը, որը ծառայում էր Մատաղիսի զորամասում, զոհվել է պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին: Նրա հայրը՝ Աշոտ Զաքարյանը ասում է, որ վաղուց է իմացել, որ Սևակ Աբրահամյանը սեպտեմբերի 26-27-ի գիշերը ՙփարթի՚ էր կազմակերպել: ՙՄինչև լույս հարբել են: Ես դա շատ շուտվանից գիտեի: Ոչ միայն ինքն է անգործություն ցուցաբերել, այլ նաև Արցախի ողջ սպայակազմը՚:

Բավարարվա՞ծ եք, ձեր կարծիքով, նրան կդատե՞ն: «Ոչ, ես չեմ հանգստանա, մինչև նրան չտեսնեմ, ու իմ հարցերը չտամ: Պետք է նրան տեսնեմ անպայման: Գնալու եմ քննչական մարմին, որ հանդիպեմ նրա հետ, ասելիքս նրան ասեմ ու ամեն ին չ անելու եմ, որ դատին ներկա լինեմ»՚, — ասում է Աշոտ Զաքարյանը:

Հարցին, թե իրեն հայտնի է, որ հրամանատարը իրեն մեղավոր չի ճանաչում, Դավիթ Զաքարյանի հայրը պատասխանեց հարցով. «Իսկ ո՞ր հանցագրծն է իրեն մեղավոր ճանաչում»՚:

Սյուզան Սիմոնյան