Գորիսից Որոտան հասնելը բարդ խնդիր է։ Ճանապարհ չկա։ Գորիսում քիչ են տաքսու վարորդները, որոնք անկախ գումարի չափից պատրաստ են մեքենան վարել Որոտանի ուղղությամբ։ «Ճանապարհին վիճակ չկա, մի անգամ գնում-գալիս ենք մեքենան անսարք է դառնում»,-Խոտ գյուղից Որոտանի ճանապարհի կողմ պտտվելով ասում է տաքսու վարորդը։

Որոտանը ճանապարհից զրկվել է  2021 թվականի օգոստոսի 26-ից։ Հենց այս օրը ադրբեջանական զինուժը փակեց Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղու 21 կմ հատվածը։ Հետևանքն եղավ այն, որ ոչ միայն Որոտանը, այլ նաև Շուռնուխը ու Բարձրավանը կորցրեցին կապն աշխարհի հետ։ Պետությունը այս գյուղերի բնակիչներին այլընտրանքային գրունտային ճանապարհ է առաջարկել, որով աննակարագրելի անմարդկային պայմաններում երթևեկում են արդեն մեկ տարի։

Արդեն մեկ տարի է ադրբեջանցի զինյալներով շրջապատված Որոտանում ճանապարհի խնդրի լուծումը խիստ կենսական են համարում։  «Գալուց տեսար ի՞նչ վիճակ է, էն դիքով որ եկար մաշինա կա, չի բարձրանաում։ «Ուրալ» ա գալիս, որ մարդկանց քաղաք տանի, հլը էդ «Ուրալ»-ով էս տաքին խոխին տար, չի լինում»,-ասում է ութ երեխաների հայր Վանուշ Իսունցը։

Վանուշ Իսունցն արդեն երկու տարի է, որ Որոտանում է ապրում։ Ընտանիքով տեղահանվել է Կովսականի Ալաշկերտ գյուղից՝ 44-օրյա պատերազմի պատճառով։

«Թոթի արաղ եմ քաշում, փետ եմ կրում, խոզ եմ պահում, հավ եմ պահում։ Էնքան որ յոլա ենք գնում, Երևանո՞ւմ կարամ ապրեմ, չեմ կարող»,-ասում է բազմազավակ ընտանիքի հայրը, ում համար կարևոր է նաև գյուղի անվտանգության ապահովումը։

Վանուշ Իսունցը մտագոված է, որ այսօր, երբ թշնամին սահմանին պարբերաբար լարվածություն է առաջացնում, իսկ գյուղացին զենք չունի ինքնապաշտպանության համար։

«Եթե կռիվ սկսվի առաջինն այստեղ է լինելու, պետք է բերեն զենք տան, որ պաշտպանվենք, բայց եկան եղածն էլ տարան։ Այստեղ, որ կռիվն ընկնի, կին, խոխա, սաղ պիտի կռիվ անեն, բայց զենք ա պետք։  Այստեղ սաղ էլ կռիվ անող են»,-ասում է որոտանցին։

Այս ընտանիքում ութ անչափահաս երեխա կա։ Մայրը նշում է՝ եթե երեխաներից մեկը փոքր-ինչ ուշանում է, անհանգստանում են։ «Ամեն անգամ մտածում եմ, որ թուրքը կարող ա գա հասնի ստեղ, իմ երեխաներին մի վնաս տա։ Անչափահաս երեխաներ են, վտանգավոր է»,-ասում է Թամարա Ալավերդյանը։

Որոտանի կապը բոլոր առումներով Գորիսի հետ է։ Սկսած առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերումից մինչև բուօգնություն և կրթություն։ Որոտանցիները, սակայն, շաբաթվա մեջ ընդամենը երկու անգամ Գորիս գնալու հնարավորություն ունեն, երբ շաբաթվա սկզբին և վերջին քաղաք գնացող «Ուրալ»-ը գալիս է գյուղ։ «Ծանր ճանապարհ է, երեխաները չեն դիմանում»,-ասում է բազմազավակ մայրը և շարունակում․

«Էրեխի հետ մինչև անցնում ես էս քարերի միջով, երեխան արդեն հոգնում է, էն վախտ մի 20 րոպեում էինք հասնում, հիմա 2 ժամում նոր հասնում ենք Գորիս, եթե ավտո չունես պետք է տանջվես, ուրալով գնաս։ Մի քանի օր առաջ երեխաս վատացավ, ջերմությունը բարձրացավ 39 ստիճան, ոչ ավտո կար, որ բան, եթե մենք ավտո չունենայինք երեխաս մնալու էր»։

«Մի քանի ամիս ձմեռ է»,-մտագոված են Որոտանում։ Ճանապարհն ասֆալտապատելու լուրերը լսում են, բայց գործի սկիզբը չի երևում։ Հիշում են, թե նախորդ ձմռանն ինչ դժվարություններ են հաղթահարել, անգամ շտապօգնության մեքենան գյուղ մեծ դժվարությամբ է գալիս։

«Ձմեռը շտապօգնությունը մի ժամ մնացել է ճանապարհին, չի կարողացել հիվանդին հասցենել Գորիս, մինչև հասել են մի անգամից տարել են վերակենդանացման բաժանմունք։ Մենք ստեղ ապրո՞ւմ ենք, չե՛նք ապրում։ Երեկ սկոռի էին կանչել՝ հարևանի համար, մինչև եկավ մարդը մահամերձ դարձավ»,-ասում է առողջական խնդիրներ ունեցող Ռայա Գրիգորյանը, ում տան բակը ադրբեջանական զինուժի ուղիղ նշանառության տակ է։ «Հենա, թուրքի պոստը երևում է, այնտեղից, որ կրակի ես այստեղ կմահանամ»,-ասում է նա։

Որոտանը մեծ գյուղ չէ։ Սահմանամերձ դարձած գյուղի խնդիրներն են տարբեր ու անսպառ։  «Խաղաղաղություն եմ ուզում, որ թուրքերը վերանան»,-Որոտանում ասում է 10-ամյա մի տղա։ Նա Հայկազն է, գյուղի միակ բնակիչը, որ ինքնակամ հարցազրույց տալու պատրաստակամություն հայտնեց։ Որոտանի հիմնական խնդիրը՝ տրանսպորտի ու ճանապարհի բացակայությունը նաև Հայկազ Խալաթյանի երազանքերն են անիրականանալի դարձնում։

Գորիս գնացող միակ փոխադրամիջոցի երթուղու օրերը չեն համընկնում խաղաղության մասին երազող Հայկազի դհոլի դասերի օրերի հետ։ Նա դհոլի, երկվորյակ եղբայրն էլ շվիի պարապմունքերն են դադարեցրել։ «Ուզում եմ գնալ պարապմունքի, բայց տրանսպորտ չկա, «Ուրալ» է գալիս, բայց իմ օրերի հետ չի համընկնում, տրանսպորտ եմ ուզում գցեն, որ գնամ դհոլի պարապմունքի»։

Հայկազն այս տարի 5-րդ դասարան է հաճախելու։ Գերազանց է սովորում, հույս ունի, որ տրոնսպորտի խնդիրն էլ մինչ սեպտեմբեր կլուծվի։ «Հիմա հեծանիվ եմ քշում՝ օրս անցկացնում եմ»,-ասում է նա։

Որոտանում թվարկված ու չթվարկված խնդիրներին զուգահեռ հետևում են նաև ներքաղաքական զարգացումներին։ Երևանում ընթացող քաղաքական որևէ իրադարձություն Վանուշ Իսունցը բաց չի թողնում։ Ելույթները լսում է, բայց խնդիրների լուծում՝ ոչ մեկ չի առաջարկում։

«Ով էլ լինի նույնն ա, ով ուզում է լինի, միայն թե նենց մարդ լինի, որ առաջինն անվտանգությունն ապահովի, մնացածը՝ ջհանդամ»։

Երևանում, սակայն, վստահեցնում են՝ Որոտանի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը շուտով կլուծվի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցում են՝ ճանապարհին սողանքներ կան, շրջանցման տարբերակներ են փնտրում։

Մանրմասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Նյութը պատրաստվել է Կովկասի ինստիտուտի աջակցությամբ՝ «‎Պատերազմի, հակամարտությունների և անվտանգային հիմնախնդիրների լուսաբանման ներուժի զարգացումը հայաստանյան լրատվադաշտում․ ԱՄՆ-ի փորձի ուսումնասիրություն»‎ ծրագրի շրջանակներում։ 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest