«Մենք վերահաստատում ենք, որ այս դատարանը չի կարող համարվել անկախ, անաչառ, անկողմնակալ դատարան… Մենք այս դատավարությանը իրավական ձևականության ապահովման նպատակով մասնակցում ենք, որովհետև այդպես է թելադրում քրեական դատավարության օրենսգիրքը, և մեր նպատակն է հրապարակայնորեն հանրությանը ներկայացնել բոլոր այն ապօրինությունները, որոնք ի սկզբանե տեղ են գտել Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսված քաղաքական, քրեական հետապնդմամբ և մենք արդարադատության ակնկալիք ընդհանրապես չունենք այս դատարանից»,- Չալաբյանի գործով նախորդ՝ օգոստոսի 5-ի դատական նիստում հայտարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Անդրադառնալով հետազոտության ենթակա ապացույցների ծավալի կարգին՝ փաստաբանները միջնորդեցին որպես վկա դատարան հրավիրվել Արման Սահակյանը, ով ներկա է գտնվել ձայնագրության օրը մասնակիցների հանդիպմանը, և Էրիկ Հայրապետյանին, ով ներկա է եղել Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի հանդիպմանը:   Եվս մեկ միջնորդություն ներկայացվեց՝ տեսաձայնագրության փորձաքննության եզրակացությունը ապացույցների ծավալի մեջ ներառելու և հետազոտելու:

Դատարանը բավարարեց վկաներին դատակոչելու միջնորդությունը:
Իսկ ինչ վերաբերում է փորձաքննության եզրակածությանը, դատարանը, հաշվի առնելով, որ նշված տեսաձայնագրային խոսակցությւնը ներառված է ապացույցների ցանկում, այս հարցը համարեց լուծված։

 

Դատարանը քննարկեց նաև ապացույցների թույլատրելիության հարցը: Չալաբյանի պաշտպաններից մեկը միջնորդություն ներայացրեց՝  գաղտնի ձայանգրությունը անթույլատրելի ապացույց ճանաչել.

«Մենք այն կանխավարկածն ունենք, որ եթե պարզված չէ ձայանգրություն կատարող անձը, ուրեմն բացառված չէ, որ այդ ձայնագրությունը կատարվել է քրեական  վարույթն իրականացնողի կողմից։ Եթե մենք չգիտենք, թե ով է կատարել ձայնագրությունը, մենք զրկված ենք ձայնագրությունը իրականացնող անձին հարցաքննելուց, մենք զրկված ենք նրա շարժառիթը գնահատելուց, գտնում ենք, որ ներկայացվող ապացույցի այս ձևական պահանջը քանի դեռ պահպանված չէ, այն պետք դիտարկենք անթույլատրելի»:

Պաշտպան Վարազդատ Հարությունյանն էլ հայտարարեց, որ Ավետիք Չալաբյանը զրկված է եղել ձայնագրությունն արած անձին հարցման ենթարկելու իրավունքից, որն ուղղակիորեն հակասում է Մարդու իրավուքնների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված երաշխիքները․

«Աղբյուրի անհայտ լինելը ապացույցի անթույլատրելիության ուղիղ, պարզ հիմք է»,- ասաց նա:

Պաշտպանները նաև միջնորդություններ ներկայցրին դատարանին՝ հետևյալ ապացույցներն անթույլատրելի համարելու համար. Էմմա Սարգսյանի և Ավետիք Չալաբյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությունը, դեպքի վայրի զննության երկու արձանագրությունները, զեկուցագիրը և լազերային սկավառակը:

Հանրային մեղադրողը, անդրադառնալով ձայնագրությանը, ասաց, որ աղբյուրը հայտնի է, այն համացանցն է.

«Պաշտպանների կողմից բերված այն վարկածը, որ եթե հայտնի չէ՝ ով է ձայնագրել, ուրեմն պետությունն է, նման է սիթքոմից հայտնի արտահայտությանը՝ եթե քառակուսի է, ուրեմն միջինը կլոր է»:

Դատարանը, քննարկելով ապացույցների թույլատրելիության հարցը,  որոշում կայացրեց պաշտպանության կողմի ներկայացրած վերը նշված ապացույցների անթույլատրելիությունը ճանաչելու հարցի լուծումը հետաձգել՝ պատճառաբանելով, որ պետք է հետազոտել թվարկված բոլոր ապացույցները:

Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 10-ին ժամը 12։00 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։

Լուսինե Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest