Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Ալբերտ Մկրտչյանն արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ծառայում էր Սյունիքի մարզի Ագարակ ավանի զորամասում: Հարյուր օր էր մնացել, որ նա զորացրվեր, երբ սկսվեց պատերազմը:
«Մենք սպասում էինք, որ պատերազմ կսկսվի, որովհետեւ տեղյակ էինք առաջնագծում կուտակումների մասին: Երբ սկսվեց պատերազմը, մենք գնացինք Լիճք գյուղ, հետո, երբ Ջրականի ուղղությամբ վիճակը վատթարացավ, ադրբեջանական ստորաբաժանումներն սկսեցին առաջ գալ, մեր զորամասը տարան այնտեղ: Հոկտեմբերի 5-ից մենք սկսեցինք մարտական ակտիվ գործողությունները: Մեր զորամասը լավ պատրաստված էր, ամսի 4-ին մենք Իշխանաձորում էինք, իսկ հետո` մինչեւ հոկտեմբերի 18-ը` Ջրականում: Երբ տեխնիկան կորցրեցինք, նահանջեցինք: Ջրականի հարավային թեւի ուղղությամբ ճեղքումը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-2-ին, հակառակորդն առաջ էր եկել, հասել Ջրականի զորամասին, ակտիվ գործողությունները ծավալվել էին Արաքսի մերձակայքում: Մեր զորամասերը տարել էին, որ կարողանայինք հակառակորդին ճնշել, ջարդել, մինչեւ մենք ներսի ուժերով ջարդեինք… »,- պատմում է Ալբերտը:
Ալբերտն ասում է, որ երբ իրենց տանում էին Ջրական, ուրախացել էին, որ գնում են, կռվեն, որպեսզի մեր հողը պահեն:
Վերջերս լույս է տեսել Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը » գիրքը, որը նա մտադիր էր գրել դեռ մինչեւ զինծառայության մեկնելը:
«Երբ կարդում էի Ռեմարկի «Արեւմտյան ճակատում փոփոխություններ չկան » գիրքը, մտածում էի, որ գիրք կգրեմ, եթե Աստված չանի, պատրազմ լինի, պատերազմ եղավ, ես մի էջ էի գրել տետրումս, տետրս կորավ, հետո Իշխանաձորի խանութից մի վարդագույն օրագիր վերցրեցի, զորացրվելուց հետո սկսեցի գրել»,- հիշում է Ալբերտը:
Ահա թե ինչ հուշեր է պատմում Ալբերտ Մկրտչյանը իր «Հրետանավորի օրագիրը» գրքում:
«Հոկտեմբերի 3-ից սկսվեց պատերազմը մեր համար: Իմացանք, որ գումարտակին տանում են Ղարաբաղ` Ջաբրայիլ, բայց մեզնից ձեն-ձուն չկար: Կամբատին կապ տվեցին դիտակետից: «Տեղերում » հրամանը տվեց: Փոսերում դե սնարյադ էինք դատարկել: Կամբատը ասաց, որ բոլորի վրա պայթուցիչ ձգենք: Ոնց որ կրակում ենք, ինչքան սնարյադ կար փոսում` պայթուցիչները ձգեցինք վրան: Պայթուցիչի շնորհիվ է սնարյադը պայթում:
Պատրաստ սպասում էինք կրակելու հրամանին, մեկ էլ կամբատին կապ տվեցին: Խոսաց-պրծավ, ու եկավ հաջորդ հրամանը. «Թողնե՛լ կրակային դիրքը »: Գնում էինք Ջաբրայիլ: Չգիտես` ուրախանա՞ս, թե՞ տխրես: Հավաքեցինք ինչ կար-չկար, պայթուցիչները հանեցինք, դրեցինք իրենց տուփերի մեջ, սնարյադները դասավորեցինք արկղերի մեջ, բարձեցինք ուրալները, հետո մնացած իրերը բարձեցինք, հրանոթները ավարտ արեցինք, կցեցինք մեքենաներին: Իմը ՊՆ 7912 համարով ուրալն էր: Կամբատը մարտկոցը հավաքեց իրար գլուխ ու ասաց.
-Տղեք ջան, գնում ենք թուրքերին խփենք, գանք: Ոնց գնացել ենք, ըտենց էլ հետ պիտի գանք »:
«Իրար հետեւից ընկան Իշխանաձորը, Կուբաթլուն, Զանգելանը: Մարտերը տեղափոխվել էին Լաչինի, Հադրութի ու Մարտունու շրջանները, իսկ հարավարեւելյան ուղղությունում`ՀՀ-ԼՂՀ սահման, Նռնաձոր գյուղից մի քանի կլիոմետր արեւելք: Գումարտակը ու էլի մի քանի ստորաբաժանում տարան մարտական գործողությունների շրջան: Հետո Դ-30 մարտկոցը տարան: Գնդում Հոկտեմբերյանից կամավորականներ էին եկել. իրանք ու Մեղրու որսորդները գնացին Դալբարա սարի մոտ ու կասեցրին ընդեղ հակառակորդի առաջխաղացումը: Ես էլ էի ուզում գնալ զորքի մոտ, բայց չտարան»:
« Գիշերը մտանք փոսերը, որ քնեինք: 9-10-ի կողմերն էր ժամը, կարդացի`Արցախի Հանրապետության պաշտոնյաներից մեկը գրել էր. «Շուշին ընկավ, պետք է պատրաստվել Ստեփանակերտի պաշտպանությանը »:
Հետո Արծրուն Հովհաննիսյանը հերքեց լուրը ու ասեց, որ մարտերը Շուշիի համար շարունակվում են: Անորոշ վիճակ էր: Աչքս կպավ: Ժամը 2-ի կողմերը Արմանը արթնացրեց ու ասեց, որ Նիկոլը ինչ-որ բան ա ստորագրել: Կարդացի փաստաթուղթը: Սկզբում չէի հավատում. դժվար ա պատահածից հետո հավատալ պարտությանը: Հետո տեսա, թե ինչ էր կատարվել էդ գիշեր Հանրապետության հրապարակում: Մի տեսակ կարոտեցի էն տղեքին, որոնք ընկան հանուն հայրենիքի կռվի դաշտում, նույնիսկ նախանձեցի: Չեմ ուզում շատ խոսել էդ տեսարանի մասին: Հաջորդ օրը կեղտոտ շորերով, ընկճված, կոտրված նստած էինք վառարանի շուրջը: Սուրճ էինք խմում: Ցերեկը զանգեցի Սաքոյին` ընկերոջս, Նարեկից հետաքրքրվեցի: Ասեց, որ ամսի 27-ից լուր չունեն: Պարզ էր: Նարեկս էլ չկար: Ճարտարի մատույցներում էր զոհվել »:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: