Շիրակցի գերիների հարազատները պայմանավորվածություն են ձեռք բերել վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ, որ նստացույցը դադարեցնեն։

«Կառավարությունից մեզ խոստացան վաղը զանգահարել և տեղեկացնել հանդիպման օրվա և ժամի մասին։ Այս պահին մենք վերադառնում ենք Շիրակի մարզ»,-News.am-ի հետ զրույցում ասել է հարազատներից մեկը։

Շիրակցի գերիների հարազատները երեկ առավոտից նստացույց էին սկսել և հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետի աշխատակազմից լսել էին նրանց պահանջը, սակայն ամբողջ օրվա ընթացքում չէին տեղեկացրել՝ հանդիպումը կկայանա՞, թե՝ ոչ։

Նրանք շարունակել էին իրենց նստացույցը և գիշերել Կառավարության շենքի դիմաց։

«Եղբայրս Ադրբեջանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, մեկ տարի 8 ամիս է՝ նա գերության մեջ է։ Կառավարությունն ամեն անգամ նույն հեքիաթն է ասում, անընդհատ երկարացնում են ժամկետը, ոչ մեկը մարդկային վերաբերմունք ցույց չի տալիս, այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց նստած ենք, գոնե չեն մոտենում, հարցնեն՝ ինչ կարող են անել մեզ համար»,– երեկ լրագրողների հետ զրույցում ասել է գերիներից մեկի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ գերիների հարազատները անցնող 1,8 տարում պարբերաբար նստացույց են արել Կառավարության շենքի դիմաց, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և պահանջել, որ իրենց որդիների վերադարձի գործընթացը արագացվի։ Նրանք բողոքի ակցիաներ են իրականացրել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

Գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հետ հարազատները «Կարմիր Խաչի» միջնորդությամբ 40 օրը մեկ հեռախոսազրույց են ունենում։ Չնայած դրան՝ նրանք անընդհատ այս կամ այն կառույց են դիմում՝ իրենց որդիներին Բաքվի բանտերից ազատելու համար։

«Եթե մեր երկրի ղեկավարը մեզ չի ուզում ընդունի, կամ բան չունի մեզ ասելու, մենք գնանք ու՞մից մեր երեխեքին պահանջենք։ Ստիպում են ծայրահեղ քայլերի դիմել, ինչքան կարելի է, մեկ տարի, ութ ամիս է՝ սպասողական վիճակում ենք, իրենց երեխեքը իրենց կողքին են, իսկ մեզ ուղարկում են այս կամ այն կառույցներ»,– ասել է գերիներից մեկի հարազատը։

Հիշեցնենք նաև՝ 44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի՝ Հին Թաղեր և Խծաբերդ համայնքների ուղղությամբ հարձակողական գործողությունների արդյունքում գերեվարվեց 62 հայ զինծառայող, ովքեր Շիրակի մարզից են։ Այս ընթացքում 62 գերուց միայն 32-ն է վերադարձվել Հայաստան։

 

 

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest